Amnesty International-ը քննադատել է Լեհաստանին՝ աֆղանացիներին վռնդելու համար

163

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Լեհաստանի իշխանություններին կոչ է արել ներս թողնել  մի խումբ աֆղանացի փախստականների, որոնք օգոստոսի սկզբին Բելառուսից անցել են լեհական տարածք, բայց ետ են վռնդվել և մինչև հիմա նստած են սահմանի մոտ։

Լեհաստանը, ինչպես նաև Լիտվան, Լատվիան և Եվրամիությունն ընդհանրապես համոզված են, որ անօրինական ներգաղթյալների հոսքը սահմանով կազմակերպում են Բելառուսի իշխանությունները։

«Մեր ունեցած տեղեկություններով, այդ թվում՝ արբանյակային լուսանկարների համաձայն՝ Լեհաստանն արդեն մի քանի շաբաթ է՝ այդ մարդկանց պահում է սահմանի մոտ։ Ձմեռը մոտենում է, և այդ մարդկանց վիճակն ավելի կվատթարանա։ Այս իրավիճակը լեհական կառավարությունն է ստեղծել։ Ապաստան փնտրող մարդկանց հարկադրաբար վռնդելը հակասում է եվրոպական և միջազգային օրենսդրությանը։ Լեհաստանը պարտավոր է նրանց ընդունել և հետո նրանցից յուրաքանչյուրի հետ անհատապես լուծել խնդիրը»,- ասվում է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։

Կազմակերպության տվյալներով՝ աֆղանացի փախստականների 32 հոգանոց խումբը, որում կան կանայք, 15-ամյա աղջիկ, օգոստոսի 18-ից ապրում են սահմանի բելառուսական կողմում՝ առանց տանիքի, սնունդի, մաքուր ջրի ու դեղորայքի։

Լեհաստանի կառավարությունը պնդում է, որ ոչ ոքի բռնի կերպով չի վռնդել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱԱ․ Ուկրաինայի թիմը թայ-բրեյքում հաղթեց Հայաստանի հավաքականին եւ կիսաեզրափակիչում է
Հաջորդ հոդվածըՄուրմանսկի վարչական շրջանի շենքի վրա հրկիզվող նյութերով շշեր են նետել