‘Amnesty International-ը ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն Նոբելյան մրցանակակիր Լյու Սյաոբոյի’

735

 Միջազգային իրավապաշտպան Amnesty International շարժումն այսօր համաշխարհային համերաշխության ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն չինացի իրավապաշտպան, խաղաղության Նոբելյան մրցանակակիր Լյու Սյաոբոյի, Росбалт-ի փոխանցմամբ՝ ասված է շարժման հաղորդագրությունում: 130 երկրներից ավելի քան 450 հազար մարդ  Change.org կայքում ստորագրել է խնդրագիրը՝  իրավապաշտպանին և նրա կնոջն անհապաղ ազատ արձակելու պահանջով: Խղճի կալանավորների հետ համերաշխության ակցիան, Amnesty International-ի ակտիվ աջակցությամբ,  անցկացնում է ՀԱՀ-ի առաջին սևամորթ եպիսկոպոս, ապարտեիդի դեմ պայքար մղելու համար խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած Դեսմոնդ Տուտուն: Ավելի վաղ խնդրագրի տակ իրենց ստորագրություններն են դրել Նոբելյան մրցանակի 134 դափնեկիրներ: Լյու Սյաոբոյին և նրա տիկնոջն աջակցելու ակցիաներ նախատեսված են Բեռլինում, Հոնկոնգում, Լոնդոնում, Փարիզում, Նյու Յորքում, Վաշինգտոնում և Թայբեյում:  

Հիշեցնենք, 2010 թ. խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել է Լյու Սյաոբոյին՝ «Չինաստանում հանուն մարդու հիմնարար իրավունքների  երկարամյա և ոչ բռնի պայքարի համար», ինչն արժանացել էր չինական իշխանությունների բացասական արձագանքին:

1989 թ. Լյու Սյաոբոն մասնակցել էր Պեկինի կենտրոնական Տյանանմեն հրապարակի խռովություններին, ինչից հետո հայտնվել էր չինական իշխանությունների սևեռուն ուշադրության ներքո և, իրավապաշտպանների տվյալներով՝ մոտավորապես 20 ամիս անցկացրել  բանտում: 2009 թ. դեկտեմբերին չինական դատարանը Լյու Սյաոբոյին դատապարտեց 11 տարվա ազատազրկման՝ պետական կարգը տապալելու մեղադրանքով:

Նախորդ հոդվածը‘Դիեգո Մարադոնա. Պատրաստ եմ «Նապոլիում» փոխարինել Մացարիին’
Հաջորդ հոդվածը‘Հայացք՝ «ներսից». Դասադուլին դեմ են «լիկվիդ մնացած» ուսանողները’