‘Amnesty International-ը կոչ է անում Ռիհաննային եւ Շակիրային ՝ հաշվի առնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները ‘

1113

«Թոփ-աստղ» համարվող Ռիհաննան եւ Շակիրան Բաքվում այս ամսվա վերջին համերգ տալուց առաջ պետք է ուշադրություն դարձնեն այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին, ասվում է միջազգային իրավապաշտպան Amnesty International  եւ «Երգիր հանուն ժողովրդավարության» կազմակերպության տարածած հայտարարությունում:

Նշենք, որ երկու երգչուհիները Բաքվում հանդես կգան 2017 թվականի ֆուտբոլի կանանց երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի ժամանակ:

Կազմակերպությունների համատեղ նամակում երգչուհիների ուշադրությունն է հրավիրվում Ադրբեջանում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության ներկա վիճակի վրա: Նամակում երգչուհիները տեղեկացվում են 2005-ին տեղի ունեցած լրագրող Էլմար Հուսեյնովի սպանության մինչ օրս չբացահայտված լինելու եւ բազմաթիվ լրագրողների, բլոգերների եւ քաղաքական ակտիվիստներիի նկատմամբ իրականացվող ձերբակալությունների եւ հալածանքների մասին:

Նամակում նշվում է նաեւ Բաքվում ընդդիմադիր ցույցերի արգելքի մասին: «Երգչուհիները պետք է տեղեկացված լինեն «Եվրատեսիլից» հետո երկրում առկա իրավիճակի մասին», — ասում են նամակի հեղինակները՝ հիշեցնելով ֆոտոլրագրող Մեհման Հուսեյնովի նկատմամբ խուլիգանության կեղծ մեղադրանքով հարուցված քրեական գործի մասին:

Հուսեյնովը «Եվրատեսիլ-2012»-ի ընթացքում ակտիվ գործունեություն էր ծավալում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Նրան այժմ հինգ տարվա ազատազրկում է սպառնում:

«Amnesty International-ը կարծում է, որ ադրբեջանական կառավարությունը պետք է արվեստի բոլոր գործիչներին, լրագրողներին, ակտիվիստներին եւ շարքային քաղաքացիներին իրավունքն ընձեռնի ազատ կերպով արտահայտելու իրենց կարծիքը՝ առանց բռնաճնշումներից վախենալու: Մենք հուսով ենք, որ դուք կիսում եք մեր կարծիքը», — ասվում է Ռիհաննային եւ Շակիրային ուղղված նամակում:  

 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը պարգևատրել է ուսուցիչներին’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’