‘
Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում այս գիշեր տեղի ունեցավ «Օսկար» մրցանակաբաշխության հոբելյանական՝ 85-րդ արարողությունը: Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան տարվա լավագույն ֆիլմ ճանաչեց Բեն Աֆլեքի «Արգո գործողությունը»: Այն «Օսկարի» է արժանացել նաև լավագույն մոնտաժի և լավագույն ադապտացված սցենարի համար: Ֆիլմը քաղաքական թրիլլեր է Իրանում ամերիկացի պատանդների ազատ արձակման մասին: Հաղթողի անունը հրապարակել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման՝ Վաշինգտոնի հետ կազմակերպած հեռուստամարաթոնի օգնությամբ:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» է արժանացել Ջենիֆեր Լոուրենսը՝ «Իմ ընկերը խելագար է» ֆիլմի համար, իսկ «Լավագույն դերասան» անվանակարգում` Դենիել Դեյ-Լյուիսը՝ «Լինքոլն» ֆիլմի համար:
Լյուիսը նաև սահմանել է նոր ռեկորդ՝ ստանալով արդեն երրորդ արձանիկը նույն՝ «Լավագույն դերասան» անվանակարգում: Մինչ այդ ոչ մի դերասանի չէր հաջողվել այս անվանակարգում երեք «Օսկար» նվաճել:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Էնգ Լին՝ «Պիի կյանքը» ֆիլմի համար, «Լավագույն յուրօրինակ սցենար» անվանակարգում «Օսկար» է ստացել Քվենտին Տարանտինոն` «Ջանգո ազատագրվածը» ֆիլմի համար:
Ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկենի «Սեր» ֆիլմը լավագույնն է ճանաչվել արտասահմանյան ֆիլմերի մեջ:
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել «Խիզախ սիրտը»:
Ամերիկյան կինոակադեմիան ոսկե արձանիկներ է հանձնել ընդհանուր առմամբ 20 անվանակարգերում։
‘