Ուկրաինական Մարիուպոլում դրամատիկական թատրոնին հասված հարվածն իրականում շատ ավելի մահաբեր է եղել, քան ենթադրվում էր։
Այսպիսին են Associated Press-ի անցկացրած հետազոտության տվյալները, որոնք հիմնված են գրեթե երկու տասնյակ փրկված մարդկանց, փրկարարների և թատրոնին մոտիկից ծանոթների պատմությունների վրա։ Սկզբում Մարիուպոլի իշխանությունները հաղորդել են 300 սպանվածների մասին։
Թատրոնի շենքի նախագիծը 3D մոդելով վերականգնելու և փորձագետների գնահատականների օգտագործմամբ՝ լրագրողները պարզել են, որ պայթյունի հետևանքով զոհվել է մոտավորապես 600 մարդ շենքի ներսում և դրսում։ Բոլոր ականատեսներն ասել են, որ առնվազն 100 հոգի եղել է թատրոնից ոչ հեռու՝ դաշտային խոհանոցում, և նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։ Նրանք նաև պատմել են, որ թատրոնի ներսում բոլոր սենյակներն ու միջանցքները գերծանրաբեռնված էին՝ մոտավորապես յուրաքանչյուր 3 քմ վրա՝ մեկ մարդ։ Նկուղներում նույնպես հարյուրավոր բնակիչներ են թաքնվել։
Մարիուպոլի դրամատիկական թատրոնի շենքը ռուսաստանյան ավիահարվածների թիրախ է դարձել մարտի 16-ին։ Ըստ վկայությունների՝ այդ պահին շենքում պատսպարված է եղել առնվազն 1000 մարդ, և ոչ ոք չի կարող ասել, որ փրկվել է 200-ից ավելին։
Մոսկվան հերքում է խաղաղ բնակիչների ռմբակոծությունը և պնդում, որ դա արել են ուկրաինական զորքերը՝ գնդակոծելով սեփական քաղաքացիներին, որպեսզի կեղծեն փաստերը։
Փոխանցում է euronews-ը։