‘
Իսպանական AS առցանց պարբերականը ներկայացրել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի՝ Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի` «Գրանադայի» հետ խաղից առաջ տված մամուլի ասուլիսը, որի ընթացքում մարզիչը պատասխանել է լրագրողների հարցերին: Այն ներկայացնում ենք թարգմանաբար:
Դանիլոյի մասին. «Նա հիանալի պաշտպան է, Եվրոպայում լավագույններից մեկն է, բայց այս ամենի մասին կխոսենք հաջորդ մրցաշրջանում: Կարվախալը և Արբելոան հասկանում են, որ բոլոր մեծ ակումբներում մեծ մրցակցություն է: Այն կարող է նրանց օգնել ավելի լավ դառնալուն: Նրանք կենտրոնացած են իրենց աշխատանքը հնարավորինս լավ կատարելու վրա: Այս տրանսֆերը նրանց չի անհանգստացրել»:
Լա Լիգայի մասին. «Մենք համոզված ենք, որ Լա Լիգայի ճակատագիրը վճռված չէ, բայց այժմ սխալվելու իրավունք չունենք: Պետք է փորձենք հաղթել մնացած խաղերում: Թիմը լավ մարզավիճակում է` թեև իսկապես հունվարին և փետրվարին տեմպը գցել էինք: Հիմա թիմը հանգստացել է և ձգտում է հաղթանակների: Մրցաշրջանի եզրափակիչ հատվածին հրաշալի մարզավիճակում ենք մոտենում, ավելի լավ, քան նախորդ տարի: Բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են, բացի Պեպեից, բայց նրա խնդիրները շուտով կկարգավորվեն: Մենք հավատում ենք մեր ուժերին: Ապրիլին, երբ այդքան հանդիպումներ ունենք, ինձ անհրաժեշտ են բոլոր ֆուտբոլիստները: Կփորձեմ հանգիստ փոխատեղումներ կատարել, և բոլորը խաղաժամանակ կստանան:
Խաղի մարտավարության մասին.«Կլինի այնպիսի մարտավարություն, ինչպիսին էր «Բարսելոնայի» հետ խաղում, որտեղ կիսապաշտպանների շնորհիվ շատ հարմար խաղացինք: Նման մտադրություններ ունենք նաև պաշտպանության վերաբերյալ: Թիմը հարձակվում է, Բեյլն առաջ է շարժվում»:
Երկրպագուների մասին.«Բոլորը հասկանում են, որ կարևոր շրջան է, իսկ «Սանտյագո Բեռնաբեուի» մթնոլորտից է կախված թիմի խաղը: Եթե մենք լավ խաղանք, այդ ժամանակ երկրպագուներն էլ կօգնեն մեզ»:
Չեմպիոնության համար անհրաժեշտ միավորների մասին. «Ես չեմ կարող հաշվարկներ կատարել: Մեր նպատակը մնացած խաղերում հաղթելն է, դրա համար ունենք ամեն ինչ: Սա ուտոպիա չէ, մենք հաղթել ենք սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում և կարող ենք կրկնել դա: Ես տեսնում եմ, որ թիմը հանգստացել է և պատրաստ է պայքարել յուրաքանչյուր խաղում»:
Չիչարիտոյի մասին.«Ես նրան հասկանում եմ, քանի որ անցյալ ամիս մի քանի ֆուտբոլիստներ` ներառյալ նա, Իլյարամենդին, Կոենտրաուն գրեթե չեն խաղացել: Հասկանում եմ, որ նա հիասթափված է, բայց նրան բացատրել եմ` ինձ հարկավոր են բոլոր խաղացողները, քանի որ առջևում դեռ շատ խաղեր կան»:
Մեսսիի և Ռոնալդուի համեմատության մասին.«Իսպանիայի առաջնությունում խփած գոլերը միայն վիճակագրություն են: Մեսսին վերջին երկու հանդիպումները լավ է անցկացրել, իսկ Քրիստիանոն մի փոքր գցել է ռիթմը: Տեսնենք` ինչ կլինի այս ամսվա ընթացքում: Կարծում եմ` Ռոնալդուն կլավացնի իր վիճակագրությունը»:
Խամես Ռոդրիգեսի մասին.«Նա կլինի մեկնարկային կազմում, քանի որ իրեն հիանալի է զգում: Ես հանգստի հնարավորություն կտամ Խեդիրային և Կարվախալին, իսկ Իսկոն որակազրկված է մեկ խաղով: Մնացած ֆուտբոլիստները հայտացուցակում են»:
«Գրանադայի» մասին.«Յուրաքանչյուրի համար բոլոր խաղերն էլ կարևոր են: Բարդ շաբաթ է սպասվում, բայց մենք դեռևս կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա: «Գրանադան» լավ է խաղում, վստահ է իր ուժերի հանդեպ և մրցակիցների համար խնդիրներ է ստեղծում: Խաղին պատրաստվել ենք սովորականի նման. մեզ վրա մեծ պատասխանատվություն է ընկած, և մենք չենք կարող պարտվել»:
‘