AusOpen. Ջոկովիչի վիզան դարձյալ չեղարկվել է

250

Ավստրալիայի ներգաղթի հարցերով նախարար Ալեքս Հոուքը չեղարկել է աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի մուտքի վիզան, հաղորդում է AP-ն։ Որոշման մեջ նշվում է, որ չեղարկման հիմնավորումներից մեկն էլ հասարակական պահանջն է, որը ձեւավորվել է այս օրերի ընթացքում Ավստրալիայում։

Ջոկովիչի փաստաբանները դարձյալ դատարանում բողոքարկելու են որոշումը։

Սերբ թենիսիստը Մելբուռն է ժամանել Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցելու նպատակով։  Նա պատվաստված չէ կորոնավիրուսի դեմ, քանի որ դեկտեմբերին վարակվել եւ առողջացել է։ Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը չեղարկել էր Ջոկովիչի վիզան, սակայն դատարանը բավարարել էր բողոքարկումը եւ վերականգնել այն։

Ավստրալիայի բաց առաջնությունը կմեկնարկի հունվարի 17-ին։ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» այս մրցաշարի 9-ակի հաղթող է:

Ավստրալիայի հակահամաճարակային կանոններով բոլոր օտարերկրացիները երկիր մուտք գործելու համար պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ հաստատված պատվաստանյութերով  (Pfizer, AstraZeneca, Moderna, Janssen, Sinovac, Sinopharm China и Bharat Biotech)։ Բժշկական բացառությունների մեջ չի մտնում նախորդ կես տարվա ընթացքում վարակված եւ առողջացած լինելը։ Սակայն Ավստրալիայի բաց առաջնության կազմկոմիտեն անցած ամիս մասնակիցներին նամակով տեղեկացրել էր, որ կարող են չպատվաստվել նաեւ կես տարում հիվանդացած եւ առողջացած թենիսիստները։

Նախորդ հոդվածըՅուրա Մովսիսյանը հայ պատանի ֆուտբոլիստներին մարզական հավաքի է հրավիրում ԱՄՆ
Հաջորդ հոդվածըՆերքաղաքական իրավիճակի օրվա բանաձևը