‘BBC. Վերջին հայերը Մյանմայում (լուսանկարներ)’

2974

BBC-ն անդրադարձել է Հարավ-արեւելյան Ասիայում գտնվող Մյանմայի (նախկինում՝ ավելի հայտնի Բիրմա անունով) ամենահին քրիստոնեական տաճարներից մեկի՝  Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու եւ նրա՝ տասնյակի չհասնող այցելուների պատմությանն ու առօրյային:   

Հոդվածի հեղինակ Էնդրյու Ուայթհեդը նշում է, որ 150-ամյա եկեղեցին փակման եզրին է, սակայն երկրում վերջին տարիներին նկատվող  ներդրումների եւ զբոսաշրջության աճը հույս է ներշնչում, որ համայնքային կյանքը վերստին կաշխուժանա:

Նախկին մայրաքաղաք Յանգոնի (Ռանգուն) հայկական եկեղեցու հովիվ Ջոն Ֆելիքսը հայերեն չգիտի, ինչպես եւ իր համայնքի որեւէ անդամ, գրում է հեղինակը:

Յանգոնի հայկական եկեղեցու հովիվ Ջոն Ֆելիքսը

19-րդ դարի կեսին կառուցված եկեղեցին գտնվում է Յանգոնի կենտրոնական փողոցի անկյունում՝ խաղաղության կղզյակ աղմկոտ քաղաքում:  Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ժամանակին քաղաքի հիմնական առեւտրական համայքի՝ հայերի գոյության թերեւս միակ կանգուն վկան է:

«Եկեղեցու մատյանի գրառումներից դատելով՝ ժամանակին այստեղ մի քանի հարյուր հայ ընտանիք է ապրել: Մինչդեռ, վերջին «մաքուր» հայը մահացավ անցյալ տարի: Ողջ երկրում կան 10 կամ 20 ընտանիքներ, որոնք մասամբ հայկական են, եւ միայն նրանց մի մասն է եկեղեցի հաճախում», — ասում է Հայր Ֆելիքսը:

Երիտասարդ Ռաքել Մինուսը կարողանում է երգել հայերեն, ինչն էլ անում է մեծ երանությամբ, բայց հայերեն չի խոսում: Նա կիրակի օրերին եկեղեցի է այցելում իր ժամկոչ հոր հետ:

«Իմ պապը զտարյուն հայ էր, մեր ընտանիքը սերում է հայկական Մինուսյաններից: Մենք մասամբ հայեր ենք, եւ այս եկեղեցին մեզ համար շատ թանկ է», — ասում է նա:

Վերջին կիրակի օրը միայն մեկ ծագումով հայ հավատացյալ կար եկեղեցում: Փերսի Էվերարդը եկեղեցի է այցելում տասնյակ տարիներ ի վեր: Քահանան ասում է, որ նրա պսակադրությունը վերջինն էր այստեղ, թեեւ չի կարողանում մտաբերել, թե որ թվականին էր դա:

Փերսի Էվերարդը

Հեղինակը հիշեցնում է, որ 17-րդ դարի սկզբին մեծ թվով հայեր Օսմանյան կայսրությունից փախան եւ հաստատվեցին պարսկական Սպահանում: Այնտեղից նրանք սփռվեցին տարբեր երկրներով մեկ ու ստեղծեցին հզոր առեւտրային ցանց, որը ձգվում էր Ամստերդամից մինչեւ Մանիլա (Ֆիլիպիններ): Բրիտանական տիրապետության տակ նրանց ազդեցությունն իր գագաթնակետին հասավ 19-րդ դարավերջին, երբ, ըստ մարդահամարի տվյալների, շուրջ 1300 հայեր էին ապրում, հիմնականում՝ Կալկաթայում, Դաքքայում եւ Ռանգունում:

Մտերմությունը բիրմանական թագավորական տան հետ հնարավորություն տվեց նրանց արտոնյալ դիրք գրավել Ռանգունի առեւտրական համայնքում: Ասում են՝ տարածքը, որի վրա այժմ գտնվում է եկեղեցին, հայերին է նվիրել Բիրմայի թագավորը:

Տարածաշրջանի ամենաշքեղ հյուրանոցները, այդ թվում՝ Յանգոնի կենտրոնում գտնվող The Strand-ը եւ ավելի հռչակավոր Raffles-ը Սինգապուրում, հիմնադրել են հայերը: 

Բայց նախորդ դարի ընթացքում քաղաքական եւ տնտեսական անկայունության պատճառով այստեղի հայերը նոր օջախներ սկսեցին փնտրել՝ ապաստանելով, հիմնականում, Ավստրալիայում:

Յանգոնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Սիդնեյում տեղակայված թեմի գերակայության ներքո է գտնվում: Ջոն Ֆելիքսը, ըստ հոդվածի հեղինակի, բարեհամբույր եւ խանդավառ հոգեւորական է, որը հպարտանում է իր եկեղեցով ու, չնայած բոլոր դժվարություններին՝ փորձում է պահպանել իր նվազող համայնքը: 

Ֆելիքսը Յանգոնի եկեղեցու հովվությունը ժառանգել է  հորից, որը վախճանվել է 3 տարի առաջ: Վերջինս գլխավորում էր համայնքը ավելի քան 30 տարի: Ինչպես եւ  հայրը, Ֆելիքսը նախ ձեռնադրվել է անգլիկան եկեղեցում, այնուհետեւ քահանա է կարգվել Հայ առաքելական եկեղեցում:  

Նա ծնվել է Մյանմայում, խոսում է բիրմաներեն, մասամբ հնդկական, մասամբ հայկական ծագում ունի:

Քահանային մտահոգում է տաճարի պահպանման խնդիրը: «Տանիքը երեք տեղից կաթում է, վերանորոգման կարիք ունենք», — ասում է նա: 

Բայց այս՝ խնամքով կառուցված եկեղեցին Յանգոնի գաղութատիրական դարաշրջանի ճարտարապետության կարեւոր մասնիկն է, որն ավելի ու ավելի մեծ թվով արտասահմանցի զբոսաշրջիկների է հրապուրում:

Յանգոնի հայկական եկեղեցին Երկրորդ համաշխարհայինի տարիներին

Կիրակնօրյա պատարագը հագեցած է ուղղափառ պատարագի բոլոր ատրիբուտներով՝ սրբապատկերներ, խունկ եւ, անկախ այցելուների համեստ քանակից՝ հոգեպարար եկեղեցական երաժշտություն, գրում է Ուայթհեդը: Ֆելիքսը շքեղ քահանայական հագուստ չի կրում, ինչպես ժամանակին իր հայրը, բայց նա խստորեն պահում է ուղղափառ ավանդույթը:

Այս ավանդապաշտությունը կարող է օգնել եկեղեցուն գոյատեւել՝ դառնալով հոգեւոր տուն ուղղափառ քրիստոնեության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների համար, միաժամանակ՝ հնարավորւթյուն տալ վերականգնել գրեթե կորսված հայկական համայնքը:  

Մի շարք ուղղափառ երկրներ ու եկեղեցիներ ներկայացնող դիվանագետներ, գործարարներ ու զբոսաշրջիկներ՝ ռուսներ, հույներ, սերբեր,  արդեն սկսել են Մյանմայի միակ ուղղափառ՝ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի հաճախել:  

Յանգոնում աշխատող ռումինացի հրատարակիչ եւ գործարար Ռամոնա Տարտան Facebook-ում եկեղեցու պաշտոնական էջն է բացել՝ նրա վրա ուշադրություն հրավիրելու նպատակով:

Անցած հարյուրամյակի ընթացքում Մյանման բազմաթիվ ցնցումներ ու դժվարություններ է վերապրել: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երկիրը կրել է ճապոնական օկուպացիայի բոլոր արհավիրքները:

Շատ հայ ընտանիքներ պատերազմի ժամանակ դժվար պայմաններում ջունգլիների ու անտառների միջով գաղթեցին դեպի ավելի ապահով բրիտանական Հնդկաստան. եկեղեցում գտնվող հուշատախտակը նշում է գաղթի ընթացքում զոհված հայկական ընտանիքի 13 անդամների անունները:

Բիրման Մեծ Բրիտանիայից անկախացավ 1948-ին՝ Հնդկաստանից եւ Պակիստանից մի քանի ամիս հետո: 1988-ի ռազմական հեղաշրջումից հետո երկիրը խորը մեկուսացման մեջ հայտնվեց: Վերջին տարիներին Մյանման ձգտում է դառնալ ավելի բաց ու ժողովրդավարական երկիր՝ բացելով իր դռները օտարերկրյա ներդրումների առաջ:

Երբեմնի Ասիայի ամենաբազմազգ քաղաքներից մեկը նորից սկսում է զարգանալ: Եւ հին արմատներ ունեցող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կարող է շահել գլոբալիզացիայի նոր ալիքի արդյունքում, եզրափակում է BBC-ի հոդվածագիրը:  

Նախորդ հոդվածը‘Այս տարվա ընթացքում Վիկտոր Վալդեսը կունենա իր ակումբը’
Հաջորդ հոդվածը‘Հայազգի Նազիրա Սարգիսը նշանակվել է Սիրիայի բնապահպանության նախարար’