‘Bellingcat-ը շուտով կհայտնի Սոլսբերիի թունավորման գործով երկրորդ կասկածյալի անունը’

3565

Սոլսբերիում ՀԳՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ կասկածվող անձանցից երկրորդի անունը կհրապարակվի մոտ ժամանակներս, հայտնել է Bellingcat միջազգային հետաքննական խմբի ներկայացուցիչը:

Ավելի վաղ խմբի աշխատակիցներին հաջողվել է պարզել կասկածյալներից առաջինի իսկական անունը: Bellingcat-ի տվյալներով՝ դա ՀԳՎ  գնդապետ Անատոլի Չեպիգան է, որը Բրիտանիա է ժամանել Ռուսլան Բոշիրով անվան տակ: Թունավորման գործով մյուս կասկածյալը Բրիտանիա է մուտք գործել «Ալեքսանդր Պետրով» անունով:

Bellingcat-ի աշխատակիցը պատմել է, թե ինչպես է իրենց հաջողվել պարզել Չեպիգայի ինքնությունը: Նրա խոսքով՝ մասնագետներն օգտվում են որոնման և պատկերների համեմատության հատուկ ծրագրերից: «Մեզ մոտավորապես մեկ ամիս հարկավոր եղավ՝ կասկածյալներից մեկի ինքնությունը նույնականացնելու համար, և ես վստահ եմ, որ շուտով՝ մեկ կամ երկու շաբաթ անց, մենք կարող ենք նույնականացնել նաև երկրորդ կասկածյալին»,- ասել է Bellingcat-ի աշխատակիցը:

Ինչ վերաբերում է գնդապետ Չեպիգային, ապա ուշագրավ է, որ նա արժանացել է Ռուսաստանի բարձրագույն պարգևին՝ Ռուսաստանի հերոսի կոչման:

«Սովորաբար՝ այդ պարգևը հանձնում է նախագահ Պուտինը: Այդպիսով՝ Պուտինի համար՝ նա ականավոր մարդ է, երևի դրա համար էլ հենց նրան են ուղարկել թունավորելու իր նախկին գործընկերոջը»,- ենթադրում է հետազոտական խմբի աշխատակիցը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Տոտենհեմ»-ի առաջատարներից մեկը բաց կթողնի ԱՊԼ-ի առաջիկա տուրը’
Հաջորդ հոդվածը‘ Բուֆոնն ասել է, թե այժմ ով է իտալացի միակ տաղանդավոր ֆուտբոլիստը’