‘Bellum omnium contra omnes. Հեքիաթ փեսիկԿ-ի, ճկույթի ու ասեղի մասին’

2929

Լինում է չի լինում մի ՀՀԿԿ է լինում, որի համագումարում Սերժը, որ Սարգսյան է նաեւ, աջուձախ նայելով հայտարարում-հոխորտում է. «Էս երկիրը, երկիր ա»: Ու չնայած հայացքը ոչինչ չէր ասում էն մասին, որ ինքն էդ պահին մտածում էր հենց երկրի մասին, այդուհանդերձ, սպառնալիքի նման էր հնչում էդ արտահայտությունը: Իբր՝ երկրում լիքը փիս-փիս մարդիկ կան, դե պարզ էր` նկատի ուներ ընդդիմությանը, որն ամեն ինչ անում է, որ մարդիկ էդպես մտածեն, ասեն. «Երկիրը երկիր չի», թողնեն ու գնան, իսկ ինքը, ահա, եկել ու ասում է՝ երկիրը երկիր ա, ու չի թողնելու, որ երկրին բան ասող լինի:

Ու էդպես ասում խոսում էր, չնայած շատ էլ լավ, նույնիսկ կարելի է ասել` լափ լավ գիտեր, որ նույնիսկ խցանման մեջ մնացած վարորդները մի քանի րոպե սպասելուց հետո սիրում են իրեն հիշատակել: Բայց դրա մասին հաջորդիվ:

Հիմա հետ գանք մեր հերոսին:

Ուրեմն, էս մեր հերոսը, որն, ինչպես հիշում ենք, երկրում տեղի ունեցող ամենակարեւոր ու բախտորոշ իրադարձությունների ժամանակ Հայաստանից բացակայելու սովորություն ուներ, մեկ էլ սիրում էր հայտարարել, թե ինչքան ուզի՝ էնքան կարա խփի, սիրում էր էպիստոլյար ժանրով շփվել անվանակիցների կամ բախտակիցների հետ, լատիներեն մեջբերումներ անելով՝ Bellum omnium contra omnes, համ էլ մի փեսա ուներ: Անունը՝ Միքայել, մազերը՝ գանգուր: Սա հանրությանն առավել հայտնի էր որպես Միշիկ, իսկ Կոնգրեսի վերջին համագումարից հետո՝ փեսա ՄիշիկԿ:

Ուրեմն, էս մեր հերոսը, որ տակավին ոչ մի որդի չուներ, Բ26-ն ու իշխանությունը երկրորդ անգամ ուզուրպացնելուց հետո մտածում էր, թե ինչ անի, ոնց անի, իր իշխանությունն ո՞ւմ հանձնի: Մի խնդիր կար ուղղակի: Համ իշխանությունը պահելու ու հանձնելու (պրիյոմ-սդաչա անելու), համ էլ` ժամանակ առ ժամանակ պիտի մարդկանց հիշեցներ, որ երկիրը երկիր ա: Խնդիրն էն էր, սակայն, որ մարդիկ, ով ոնց ու որտեղ կարողանում էր, գնում էին էս մեր հերոսի ու իր մյուս ազգանվանակցի ջանքերով, որովհետեւ տեսնում էին, որ երկիրը երկիր ա, բայց համա թե` երկրում ապրելու ճար չկա: Մի Սաշիկը քիչ էր, որ ամեն տեղ փայ էր մտնում, կողքից էլ փեսիկԿն էր գործի լծվել վրադիր:

Էս մեր հերոսն էլ, որ պատերազմի վախտով Ղարաբաղ մայկա-կիսաանդրավարտիք ու բենզին հասցնելու ռահվիրաների ռահվիրան էր, հո գա՜զ չէր տալիս: Երկիրը դատարկվում էր, իսկ ինքն ու Վատիկանի դեսպանը, որ նույն ինքը` փեսա ՄիշիկԿ-ն էր, մտածում էին իշխանության պրիյոմ-սդաչայի մասին: Հնարքն էլ, ասում են` գտել էին. որոշել էին եկող աշնանից սահմանադրական փոփոխություններ սկսել ու երկրումս, որ երկիր ա, պառլամենտական կառավարում մտցնել, որ զոն նայող դարձնեն վարչապետին: Վարչապետն էլ ո՞վ պիտի լինի: Դե, իհարկե, մեր հերոսը. եթե Բադեն-Բադենի ցեխավաննաների ազդեցությունը մինչեւ 2018 թվականը երաշխավորագրեր տան, կամ էլ եթե մինչեւ էդ երկիրը բիրիքով զալոգ չմնար Բադենի կազինոներից մեկում:

Ուրեմն, էս մեր փեսիկԿ-ը, մինչեւ էդ մի ժողով է անում ու ինչքան տատանվող ու կասկածող կա, մեկ էլ մի հոգի, որ օրական, ասում են, 78 կամ 79 անգամ ասում էր` ես, ես, մեկ էլ նորից` ես, մի հորդոր է հղում: Ասում է` մի թաքուն բան պիտի ասեմ՝ աներ-հայրիկին չհավատաք, էս երկիրը երկիր չի, դրա համար դուք պետք ա ինձ օգնեք, փողն էլ` խնդիր չի: Հետո հարցնում ա` իմ աներ-հայրիկը վա՞տն է, սրանք էլ թե` հա´: Ասում է՝ էդ լավ է, բայց հիմա մեր խնդիրը էս ա` պիտի ասեք, այո՜, փեսիկԿ-ի աները վատն է, բայց համա թե` բոլորն էլ վատն են, մեկը մեկից վատն են, ու քանի որ բոլորը վատն են, էլ ի՞նչ տարբերություն, թե վատերից որ մեկը կլինի իշխանության:

Սրանք ոգեւորվում են, ու մարդա՝ մի կայք ու թերթով սկսում են քրտնաջան աշխատել: «Հալալ» քրտինքով: Ու ով ինչքան շատ էր քրտնում աշխատելուց, էնքան շատ էր ստանում: Ու որպեսզի սխալ բաներ չանեն, զորավարին էլ, որ սիրում էր Աստծու անունը տեղի-անտեղի շահարկել, մեկ էլ` կտրած ճկույթներ նվեր ստանալ, կանչում են ու նշանակում սրանց վերակացու: Ասում են` էս մեր զորավարն էլ մի հրաշագործ մատանի ուներ, որը հենց մոտեցնում էր դեմքին, միտքը պայծառանում էր, ու մեր հերոսի բոլոր հրահանգները ու բոլոր պլանները տեղում գերակատարում էր:

Հա, ուրեմն, էսպես մեր հերոսը պատրաստվում էր աշնանը:

Բայց մեր հերոսը մի ուրիշ խնդիր էլ ուներ, որը ոչ մի ձեւ չէր կարողանում լուծել. ինչքան քանդում ու քանդում էր, չէր կարողանում վերջնական քանդել: Բանն այն էր, որ էս երկրում մի ընդդիմություն կար, որի հախից էս մեր հերոսը չէր կարողանում գալ: Ինչքան քանդում էր՝ չէր քանդվում, ինչքան ական էր պայթեցնում՝ էլի ընդդիմությունը չէր պայթում:

Գնացել էր հեքիմի մոտ, ասել էր` մի ճար արա: Հեքիմն էլ ասել էր՝ մենակ մի ճար կա, բայց էդ էլ` հրաշքի նման մի բան ա, թե կարողանաս էնպես անես, որ ամռանը աշուն չլինի, մեկ էլ գտնես ընդդիմության անմահության ուժը խորհրդանշող ասեղը, էդ ասեղով քո ձախ ճկույթը հինգ անգամ ծակես, քո ծրագիրը կհաջողվի: Աշնան մասին հերոսը մոռացել էր, բայց ասեղը հո չէր փնտրում: Էս երկրումս ինչքան ասեղ կար, առնել տվեց, բերեց, փորձարկեց, մատին արդեն սաղ տեղ չէր մնացել, բայց ընդդիմությանը բան չէր լինում: Համա թե ճկույթն էնքան էր ծակծկել, որ բթացել էր: Հետո ստիպված անցավ մյուս մատներին: Էդպես ամեն օր` չկասկածելով, որ էդ հեքիմն էլ էր ընդդիմադիր:

Համ էլ` ամռանն աշունն եկավ: Դե´, քաղաքական իմաստով:

Հ.Գ. Էս նեղ մաջալին թե մեր Հենրիկն ինչի՞ էս հայտարարությունն արեց:

iLur.am-ի քաղաքական հումորի բաժին 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Հարկավոր է է՛լ ավելի մեծ ջանքերով մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում անցկացվել է գեյ-շքերթ՝ ի պաշտպանություն հակակառավարական ցույցերի’