‘Bloomberg-ի անդրադարձը ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճին’

1076

Լարվածության սրումը ղարաբաղյան հակամարտության գոտում կարող է անդրադառնալ Վրաստանի վրա և հակամարտության մեջ ներքաշել Ռուսաստանին, Թուրքիային, հնարավոր է՝ նաև Իրանին: Այդ մասին գրում է Bloomberg-ը` վկայակոչելով վերլուծաբան Լոուրենս Շիթսին:

Նրա ասելով, վերջին բախումները Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում աննախադեպ էին, այդ թվում՝ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման սպառնալիքի իմաստով: «Ցավոք, ոմանք բավականաչափ լրջորեն չեն մոտենում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրմանը: Սա պատերազմ է, և մեզ մի քանի քայլ է բաժանում այն բանից, երբ կողմերը կարող են կործանիչ և բարդ հրթիռային համակարգեր կիրառել, որոնք կարող են հանգեցնել զանգվածային զոհերի և ավերածությունների»,- նշում է Շիթսը:

Բրիտանացի լրագրող, «Քարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով մասնագետ Թոմաս դե Վաալն իր հերթին կարծում է, որ Ռուսաստանին հարկավոր չէ անկայունության ալիք իր հարավային սահմաններում, ինչով և պայմանավորված էր Սարգսյանի և Ալիևի միջև ինն ամսվա ընդմիջումից հետո Սոչիում հանդիպում կազմակերպելու Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը: «Ռուսաստանը մեծ մղում ունի՝ կանխելու նոր հակամարտությունը, քանի որ դա իր հարավային սահմաններում անկայունության ալիք կբարձրացնի: Մոսկվան նաև ռազմական պարտավորություններ ունի Հայաստանին պաշտպանելու հարցում, ինչը, բնականաբար, կարող է ի չիք դարձնել Ադրբեջանի հետ մանրակրկիտ մշակված հարաբերությունները»,- նշել է նա:

Նախորդ հոդվածը‘«Սեվիլյա»-ի ավագ.«Սուպերգավաթի հանդիպմանը մեր իդեալին մոտ ֆուտբոլ պետք է ցույց տանք»’
Հաջորդ հոդվածը‘Նոր ֆիլմեր՝ Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ ‘