‘
Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Եվրամիությունում մնացող 27 երկրների առաջնորդները հավանության են արժանացրել Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի նախագծին, Twitter-ում տեղեկացրել է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Այդ հարցի որոշման համար ծախսվել է մեկ ժամից պակաս ժամանակ: Բրյուսելում հատուկ գագաթնաժողովից առաջ արված մեկնաբանություններում ԵՄ երկրների առաջնորդները նշել են, որ դա հնարավոր բոլոր գործարքներից լավագույն տարբերակն է, և չկա դրա այլընտրանքը:
Մեծ Բրիտանիայում, սակայն, համաձայնագիրը շատ ավելի մեծ թվով առարկություններ է հանդիպել, այն դուր չի գալիս թե՛ Brexsit-ի կողմնակիցներից շատերին և թե՛ դրա հակառակորդներին, և հայտնի չէ՝ արդյո՞ք բրիտանական խորհրդարանում համաձայնագիրը կստանա մեծամասնության աջակցությունը: Խորհրդարանում քվեարկությունը նախատեսված է դեկտեմբերի սկզբին:
Կիրակի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, որը խիստ քննադատության է ենթարկվել բոլոր կողմերից, բաց նամակ է հղել ժողովրդին՝ խնդրելով պաշտպանել Brexit-ի համաձայնագիրը, որը, նրա խոսքով՝ նոր էջ կբացի երկրի պատմության մեջ:
Միևնույն ժամանակ, Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար և Եվրամիության հետ գործարքի ակտիվ քննադատ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ գործարքը կնքելու դեպքում Բրիտանիան կվերածվի դրածո պետության:
Փոխանցում է BBC-ն:
‘