‘Charlie Hebdo-ի խմբագրի գիրքն իսլամի մասին լույս է տեսել հետմահու’

1006

Ֆրանսիայում հրատարակվել է այս տարվա հունվարի 7-ին Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա գրոհայինների հարձակման արդյունքում  սպանված գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնիեի գիրքը:

Մահվանից երկու օր առաջ ավարտած գրքում հեղինակը պաշտպանում է կրոնը ծաղրելու իրավունքը, տեղեկացրել են հրատարակիչները:  Հեղինակը նաև նշում է, որ Արևմուտքում ռասիզմի դեմ պայքարը փոխարինել են սխալ հասկացված պայքարով՝ ընդդեմ իսլամաֆոբիայի:

Հինգշաբթի վաճառքում հայտնված գիրքը կոչվում է «Բաց նամակ իսլամաֆոբիայի ժուլիկներին, որոնք ջուր են լցնում ռասիստների ջրաղացին»:

Ստեֆան Շարբոնիեն հայտնի էր Շարբ մականունով: Charlie Hebdo-ի էջերում 2006 թ. Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելու պահից ի վեր Շարբոնիեն և շաբաթաթերթի մյուս աշխատակիցները բազմաթիվ սպառնալիքներ էին ստացել: 2012 թ.  բոցավառվող ռումբ էին նետել ամսագրի գրասենյակ:

Իր գրքում Շարբը պաշտպանում է ցանկացած դավանանք, այդ թվում՝ իսլամը ծաղրելու  իրավունքը: «Այն միտքը, որ դուք կարող եք ծիծաղել ինչի վրա ասես՝ բացի իսլամի մի շարք ասպեկտներից, քանի որ մուսուլմաններն ավելի տաքարյուն ու բռնկուն են, քան մյուս հավատացյալները – սա ի՞նչ է, եթե ոչ խտրականություն»,- գրել է հեղինակը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. ԳԴՀ-ն կարգելի «Գիշերային գայլերի» մոտոարշավը Բեռլինում’
Հաջորդ հոդվածը‘Դանիայի թագուհի Մարգրետե II-ը նշում է իր 75-ամյակը’