‘Charlie Hebdo. երկու կասկածյալների նկատմամբ հետախուզում է հայտարարվել’

887

Ֆրանսիայի ոստիկանությունը  հրապարակել է երկու հոգու լուսանկար, որոնք կասկածվում են Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա հարձակման մեջ:

Հետախուզում է հայտարարվել Կուաշի եղբայրների՝ 34-ամյա Սաիդի և 32-ամյա Շերիֆի նկատմամբ: Ոստիկանությունը զգուշացրել է, որ նրանք զինված են և վտանգավոր:

Խմբագրության վրա հարձակման երրորդ կասկածյալ 18-ամյա Ամիդ Մուրադը, մամուլի տեղեկատվության համաձայն՝ ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը և պնդում է, որ ինքն էլ է մասնակցել հարձակմանը: Մինչդեռ նրա ընկերները սոցիալական ցանցերում գրել են, թե հարձակման պահին Ամիդը դպրոցում է եղել: Պաշտոնապես այս ձերբակալության մասին լուրը չի հաստատվել:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռուստաուղերձով դիմել է ժողովրդին և համազգային սուգ հայտարարել: Երեք օր Ֆրանսիայի պետական հիմնարկների դրոշներն իջեցված կլինեն:

Ամսագրի վրա հարձակման արդյունքում զոհված 12 անձանց թվում են Charlie Hebdo-ի գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնյեն, չորս հայտնի ծաղրանկարիչներ, ինչպես նաև՝ երկու ոստիկաններ:

Հինգշաբթի Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է յոթ հոգու, որոնք հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչների հարազատները կամ ծանոթներն են: Ձերբակալությունները կատարվել են Ռեյմսում, Շառլվիլ-Մեզյերում և Փարիզում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Աշխարհը սգում է. Charlie Hebdo-ի վրա հարձակման զոհ է դարձել 12 մարդ (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Նոր կրակոցներ Փարիզում. ծանր վիրավորվել է մի ոստիկան’