ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը բանակցություններ է անցկացրել Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի հետ՝ քննարկելով, մասնավորապես, Գազայի հատվածում հրեական պետության բանակի գործողությունների ինտենսիվությունը նվազեցնելու հարցը։
Այդ մասին երեքշաբթի հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։
Ըստ այդմ՝ հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Հանդիպումը տևել է մոտավորապես չորս ժամ, նշում է հեռուստաալիքը։
Կողմերը քննարկել են «անցումը հակամարտության հաջորդ փուլին»,ինչը նախատեսում է առավելագույն կենտրոնացում ՀԱՄԱՍ-ի կարևոր օբյեկտների ուղղությամբ։
ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք հույս ունեն, շեշտում է CNN-ը, որ Իսրայելը կհրաժարվի «ինտենսիվ պատերազմից», որի հետևանքով զոհվել է ավելի քան 20 հազար մարդ։