Twitter-ի հետ համագործակցող գովազդատու ընկերությունների կեսից ավելին դադարեցրել է աշխատանքը նրա հետ՝ նրա սեփականատեր Իլոն Մասքի քաղաքականությանը չհամաձայնելու պատճառով, հաղորդել է CNN հեռուստաալիքը։
Առնվազն 625 ընկերություններ, այդ թվում այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Coca-Cola-ն, Unilever-ը, Wells Fargo-ն, դադարեցրել են համագործակցությունը Twitter-ի հետ այն բանից հետո, երբ Մասքը անցյալ տարվա հոկտեմբերին գնեց այդ կորպորացիան։ Հոկտեմբերից մինչև հունվարի 25-ը գովազդից ամենամսյա եկամուտը նվազել է ավելի քան 60 %-ով՝ 127 միլիոնից մինչև 48 մլն դոլար։
Ավելի վաղ Reuters գործակալությունը տեղեկացրել է, որ սոցիալական հարթակը փորձում է վերադարձնել գովազդատուներին՝ առաջարկելով հայտարարությունների անվճար տեղադրում և ավելի շատ վերահսկողություն դրանց նկատմամբ։
Ամերիկացի գործարար Իլոն Մասքը Twitter-ը համեմատել է աղետի ենթարկվող օդանավի հետ, որը «մեծ արագությամբ, այրվող շարժիչներով և չաշխատող սարքերով գահավիժում է ցած»։ Միաժամանակ, նա նշել է, որ ընկերության ծախսերը կրճատելու մասով իր վարած քաղաքականությունը թույլ կտա 2023 թվականն ավարտել առանց կորուստների։
Փոխանցում է tass.ru-ն։