‘
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարող է վաղաժամ լքել պաշտոնը՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, գրում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան դիվանագիտության ղեկավարի մերձավոր շրջապատին:
Հեռուստաալիքը հաղորդել է, որ Թիլերսոնը Սպիտակ տան հետ լուրջ տարաձայնություններ ունի՝ Իրանի հետ երկխոսություն կառուցելու և պետքարտուղարության կադրային քաղաքականության հարցերում: Բացի այդ, պետքարտուղարը, իբր, ոչ պրոֆեսիոնալ է անվանել Թրամփի վերջին հայտարարությունները գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հասցեին:
Աղբյուրները նշել են, որ նախկինում մտերիմների հետ զրույցներում Թիլերսոնը հայտարարել է, որ հնարավոր է՝ պաշտոնը լքի մինչև տարեվերջ, քանի որ հիասթափված է արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի աշխատանքից: «Նրա հիասթափությունը հազիվ թե գաղտնիք է, երբեմն դա նաև հրապարակավ է արտահայտվել»,- նշում է CNN-ը:
Ավելի վաղ Politico-ն տեղեկացրել էր, որ Թիլերսոնը սկանդալ էր սարքել Սպիտակ տանը այն պատճառով, որ կադրերի վարչությունը չէր համաձայնել հաստատել պետքարտուղարության բարձր պաշտոնների թեկնածուներին:
Ռեքս Թիլերսոնը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնն զբաղեցրել է փետրվարին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ջոն Քերիին:
Փոխանցում է ria.ru-ն:
‘