‘
Երեկ ամերիկյան CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Հոլոքոստը պատմական փաստ է համարում: «Մարդկության դեմ գործված ցանկացած հանցանք, այդ թվում նաև նացիստների կողմից հրեաների դեմ կատարված հանցագործությունը, պետք է դատապարտվի»,- հայտարարել է Ռուհանին: Նա Հոլոքոստը «դատապարտման արժանի» հանցագործություն է անվանել՝ հավելելով, թե «Հոլոքոստի մասշտաբների մասին պետք է դատեն պատմաբանները»:
Ռուհանիի նախորդը՝ Մահմուդ Ահմադինեժադը, Իրանի նախագահի պաշտոնում հրապարակային իր ելույթներում մեկ անգամ չէ, որ կասկածի տակ է դրել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների կոտորածի փաստն ու ծավալները և առաջարկել է այդ հարցում մեղքի զգացում ունեցող երկրներին՝ իրենց տարածքի մի մասը տրամադրել՝ Իսրայել պետությունն այդտեղ տեղափոխելու և այդպիսով՝ պաղեստինյան խնդիրը լուծելու համար:
ՄԱԿ-ում Իսրայելի պատվիրակությունը բոյկոտել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական բանավեճերի շրջանակներում է Հասան Ռուհանիի ելույթը: «Չնայած Իրանի նախագահի հանդեպ զմայլանքի ալիքներին՝ Թեհրանի քաղաքականությունն Իսրայելի հանդեպ չի փոխվել»,- իր դիրքորոշումն այսպես է բացատրել Իսրայելը: Հրեական պետությանը վստահություն չի ներշնչել նաև Իրանի հայտարարությունը՝ երկխոսությանը պատրաստ լինելու վերաբերյալ: Իսրայելում ենթադրում են, որ դա ընդամենը քողածածկույթ է՝ միջուկային զենքի մշակման աշխատանքները շարունակելու համար, և առաջիկա վեց ամիսների ընթացքում Իրանը կարող է արդեն ստեղծած լինել միջուկային զենք, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘