‘CNN-ը դատական կարգով պահանջում է վերականգնել իր լրագրողի իրավունքները’

1498

CNN հեռուստատեսությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սպիտակ տան մի քանի աշխատակիցների նկատմամբ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով վերադարձնել հավատարմագիրն իր թղթակցին, որը խոսքակռվի մեջ է մտել Թրամփի հետ:

Սպիտակ տունը լրագրողին մեղադրում է մամուլի ասուլիսում կարգը խախտելու մեջ:

Որպես հայցվոր՝ հանդես են գալիս CNN-ը և նախագահական  թիմում հեռուստաալիքի գլխավոր թղթակից Ջիմ Աքոսթան, որին անցյալ շաբաթ Սպիտակ տունը զրկել է հավատարմագրից՝ Թրամփի հետ վիճելու և նրա պահանջով բարձրախոսը ցած չդնելու համար:

Հեռուստաալիքը խնդրել է որպես պատասխանող  դատակոչել Թրամփին և ևս հինգ հոգու, այդ թվում՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին և նրա տեղակալ Ուիլյամ Շայնին, նաև նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսին: Բացի այդ, պատասխանողների թվում նշվում են նաև գաղտնի ծառայության տնօրեն Ռենդոլֆ Ալեսը և գործակալ Ջոն Դոուն: Վերջինս անձամբ է Աքոսթայից վերցրել Սպիտակ տան անցաթուղթը:

Հայցադիմումում հեռուստաալիքը լրագրողին հավատարմագրից զրկելն անվանում է խոսքի ազատության վերաբերյալ ԱՄՆ սահմանադրության առաջին լրացման խախտում և պահանջում է Աքոսթային վերադարձնել Սպիտակ տան հավատարմագիրը, իսկ պատասխանողները, ըստ հայցադիմումի, պետք է փոխհատուցեն դատական բոլոր ծախսերը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆիգուն՝ Նեյմարի մասին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը մեկնել է Ջիբրալթար (տեսանյութ)’