‘CNN-ն անդրադարձել է Լևոն Արոնյանին’

1355

Աշխարհահռչակ CNN լրատվականն անդրադարձել է հայ շախմատիստ Լևոն Արոնյանին.

«Երբ Լևոն Արոնյանը քայլում է իր հայրենի Հայաստանի փողոցներով, մարդիկ ողջունում են նրան, ռեստորաններում նա սնվում է անվճար, ծնողներն իրենց նորածիններին նրա անունով են կոչում:

Արոնյանը դերասան, ակտիվիստ կամ աստղագնաց չէ: Նա շախմատիստ է. աշխարհում չորրորդ լավագույնը: Եվ այս փոքրիկ, հետխորհրդային շախմատային երկրում դա նշանակում է, որ նա նաև ազգային հերոս է:

«Առաջին անգամ, երբ հարսանցուս եկավ Հայաստան, մենք կանգ առանք բենզալցակայաններից մեկում, ու ինձ այստեղ ասացին. «Դե լավ, մենք չենք պատրաստվում Ձեզնից փող վերցնել»,- պատմում է 33-ամյա «շախմատի Դևիդ Բեքհեմը», ով այս մականունը ստացել է արտասահմանյան մամուլի կողմից:

«Այս ամենը նրա համար բավականին շոկային էր, բայց նման բաներ միշտ են տեղի ունենում»,- շարունակում է նա՝ նկատի ունենալով իր ավստրալուհի ընկերուհուն՝ Արիաննա Կաոիլիին, ով էլ իր հերթին ստացել է «շախմատի Աննա Կուռնիկովա» մականունը:

Շախմատիստի նկատմամբ «կարմիր գորգի վերաբերմունքն» անբնական չէ մի երկրում, որտեղ շախմատը պարտադիր առարկա է բոլոր դպրոցներում: Այստեղ նույնիսկ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը նաև Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահն է:

Ունենալով երեք միլիոն բնակչություն՝ Հայաստանը գրոսմայստերների թվով առաջատարներից մեկն է աշխարհում: Շախմատի վերջին հինգ օլիմպիադաներում Ազգային հավաքականը երեք անգամ հաղթել է հենց կուռքի՝ Արոնյանի գլխավորությամբ:

Եվ չնայած Արոնյանը գուցե չունի Դևիդ Բեքհեմի գոռոզությունը, բայց նրա կենդանի ու անկեղծ հմայքը ստիպում են նրան սիրվել շախմատի սիրահարների երկրում:

Ուսուցանվելով իր գիտնական ծնողների կողմից՝ Արոնյանին շախմատ խաղալ սովորեցրել է քույրը:

«Շախմատը նման է մյուս սպորտաձևերին, միայն թե տեղավորված է մի փոքրիկ վանդակում, որտեղ դու պետք է հասկանաս ինչպես է աշխատում խաղացողի ուղեղն ու ինչպես է հոսում արյունը»,- ասում է Արոնյանը:

Հայ գորսմայստերները նաև ամսական մոտ 120 դոլար ստանում են կառավարությունից, մի սիմվոլիկ գումար, որը նրանց կրկին առանձնացնում է աշխարհից:

Բայց իսկապես հասկանալու համար երկրի սերը շախմատի հանդեպ, դուք պետք է զբոսնեք դրա փողոցներով:

«Շախմատ խաղացող ինչպես երիտասարդ, այնպես էլ մեծահասակ մարդկանց կտեսնեք սրճարաններում, զբոսայգիներում, ընտանեկան հավաքույթներին»,- ասում է Հայաստանում Ամերիկյան համալսարանաի Գիտության և ճարտարագիտության քոլեջի դեկան, Հայաստանի Շախմատի ակադեմիայի համահիմնադիր, պրոֆեսոր Արամ Հաջիյանը:

Հայաստանի այժմյան սերը շախմատի հանդեպ մեծամասամբ կապված է 1960-ականների աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ:

Բուռն պատմություն ունեցող երկրի համար, որը տեսել է 20-րդ դարի ամենասարսափազդու կոտորածները, շախմատը հիմա էլ ազգային հպարտության կարևոր աղբյուր է:

«Մենք ուղղակի ազգ չենք, ով կռվում ու պայքարում է: Մենք նաև այնպիսի ազգ ենք, որը կարող է վերադառնալ իր փառքի օրերին, երբ մենք մեծ երկիր էինք, երկիր, որը նոր կանոններ էր առաջադրում: Հայաստանով ճամփորդելիս կարող եք տեսնել այն բոլոր վանքերը, համալսարանները, որոնք 1500 տարվա վաղեմություն ունեն և կզգաք, որ «դա հենց այն է, ինչ մենք կանք»: Մենք մի ազգ ենք եղել, որը ինտելեկտուալ հսկայական կարողություն է ունեցել:Այնպես որ, կարծում եմ՝ մարդկանց դեպի շախմատը ձգողն այն զգացումը վերադարձնելն է, որ մենք ժամանակին գիտական ազգ ենք եղել»,- Լևոն Արոնյանի խոսքով եզրափակում է լրատվամիջոցը:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը երեխաների հետ. այցելություն պատանիների աջակցության ավետարանչական հիմնադրամ’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական․ Դենիս Չերիշևը տեղափոխվել է «Վալենսիա»’