‘Compass band-ը Հայաստանը կներկայացնի մանկական Եվրատեսիլում ‘

1051

«Մանկական Եվրատեսիլ 2012» միջազգային հեռուստատեսային երգի մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլում որոշվեց Հայաստանի ներկայացուցիչը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ժյուրիի եւ sms քվեարկությունների (50/50 հարաբերակցությամբ) արդյունքում Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2012»-ին կներկայացնի Compass band-ը` իր Sweety baby երգով:

«Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան եզրափակիչ փուլի 17 մասնակիցների ելույթների հաջորդականությունը որոշվել էր վիճակահանության արդյունքում: Եզրափակիչ փուլի հատուկ հյուրն էր «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հաղթող, Վրաստանի Candy խումբը, նաեւ «Եվրատեսիլ»-ում 2006 թվականին Հայաստանը ներկայացրած Անդրեն:

«Հաջողություն եմ մաղթում մեր երկրի մասնակցին, առաջին հաղթանակն այստեղ արդեն կայացավ, հաջորդը կլինի Եվրոպայում: Իսկ այնտեղ կարեւորը ոչ թե հաղթանակն է լինելու, այլ մասնակցությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Անդրեն: Եզրափակիչ փուլի ընթացքում քվեարկությունն իրականացվեց հեռուստադիտողների (sms) քվեարկությունների եւ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Կարճ հաղորդագրություններով քվեարկությանը կարող էին մասնակցել հայաստանաբնակ հեռուստադիտողները։ Այն մեկնարկել էր եզրափակիչ փուլում առաջին ներկայացված երգի առաջին վայրկյանից եւ ավարտվել վերջին երգի ավարտից 15 րոպե անց:

«Մանկական Եվրատեսիլ» միջազգային հեռուստատեսային մրցույթում Հայաստանը սկսեց իր կենսագրությունը 2007 թվականին, երբ «Արեւներ» մանկապատենեկան խումբը Ռոտերդամի «Ահոյ» համերգասրահում ներկայացրեց «Երազանք» երգը եւ գրավեց երկրորդ հորիզոնականը: Մինսկի «Մինսկ-Արենա» սպորտային համալիրում «Մանկական Եվրատեսիլ 2010»-ում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով հաղթեց: «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը կայացավ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Դալիթան` Welcome to Armenia երգով:

10-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ 2012»-ը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Նիդեռլանդներում` «Կոտրենք սառույցը» կարգախոսով:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը հայտնում է, թե բացահայտել է կովկասյան արջի և բեզոարյան այծի որսագողության դեպքը ‘
Հաջորդ հոդվածը‘Սկսվել է Հայաստան-Իտալիա հանդիպման լուսաբանման հավատարմագրման գործընթացը’