Գլազգոյում COP26 կլիմայական գագաթնաժողովի առաջին օրն ավարտվել է աշխարհի 100 առաջնորդների հայտարարությամբ, որոնք խոստացել են մինչև 2030 թվականն ամբողջությամբ կասեցնել անտառների հատումը, և որտեղ որ հնարավոր է՝ վերականգնել անտառային զանգվածները։ Իրենց ծրագրերում նրանք հիմնվում են պետական և մասնավոր հիմնադրամների աջակցության վրա, որոնք պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել 19 մլրդ դոլարի նախագիծ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում ներողություն է խնդրել գագաթնաժողովի մասնակիցներից իր նախարդ Դոնալդ Թրամփի համար, որն իր իշխանավարման շրջանում ԱՄՆ-ը դուրս բերեց Կլիմայի Փարիզյան պայմանագրից՝ տնտեսական նկատառումներով։ Բայդենը համոզված է, որ, ընդհակառակը պայքարը կլիմայական փոփոխությունների դեմ հսկայական տնտեսական հեռանկարներ է բացում, քանի որ նոր տեխնոլոգիաների մշակումը միլիոնավոր նոր աշխատատեղեր է երաշխավորում։ Այնուհանդերձ, ամերիկյան պատվիրակությունը կլիմայի փրկության որևէ կոնկրետ պլան չի ներկայացրել։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին գագաթնաժողովին տեղեկացրել է, որ իր երկիրը կարող է լիովին դադարեցնել ջերմոցային գազերի արտանետումը մինչև 2070 թվականը։ Հնդկաստանն այժմ ջերմոցային գազերի արտանետման ծավալներով երրորդ տեղում է ԱՄՆ-ից և Չինաստանից հետո։ Նարենդրա Մոդին ընդգծել է, սակայն, որ զարգացող երկրներին աջակցություն է հարկավոր, և գագաթնաժողովին կոչ է արել իրեն հատկացնել մեկ տրիլիոն դոլար։
Գագաթնաժողովի առաջին օրը մասնակիցներին տեսաուղերձ է հղել Եղիսաբեթ II թագուհին։ Նա աշխարհի առաջնորդներին կոչ է արել ժամանակավորապես մոռանալ քաղաքականության մասին և միասին իսկական պետական իմաստնություն դրսևորել, ինչից կախված է մեր մոլորակի ապագան։
Ավելի վաղ՝ հոկտեմբերին, հանրությանն էր հասել թագուհու մի արտահայտություն, որը նա ասել էր որդու՝ արքայազն Չարլզի հետ խոսելիս, խորհրդարանի միջանցքում, և չէր նկատել, որ կողքի բարձրախոսը միացրած է․ նա ասել էր, որ իրեն նյարդայնացնում են այն քաղաքական գործիչները, որոնք շատ են խոսում կլիմայի մասին, բայց ոչինչ չեն անում։
Փոխանցում է BBC-ն։
