Covid-19․ Իրավիճակը Եվրոպայում

106

Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալներով՝ կորոնավիրուսի տարածման տեմպերով աշխարհում առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ը․ այստեղ վերջին 28 օրերին կորոնավիրուս է հայտնաբերվել 2,6 մլն մարդու մոտ։ Երկրորդ տեղում Գերմանիան է՝ 1,4 մլն վարակակիրներով, երրորդում՝ Մեծ Բրիտանիան՝ 1,1 մլն, չորրորդ հորիզոնականում Ռուսաստանն է՝ ավելի քան 970 հազար վարակակիրներով։

Ավստրիայում առաջիկա կիրակի օրն ավարտվում է նոյեմբերի 19-ին մտցված ազգային լոքդաունը։ Երկրի իշխանությունները հայտարարել են, որ թեև պետական մակարդակով կարանտինային միջոցառումները չեղարկվում են, սակայն ավստրիական երկրամասերն ինքնուրույն կարող են որոշել՝ երբ հրաժարվեն սահմանափակումներից։ Օրինակ, Վիեննայի քաղաքապետը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից խանութներն ու ամանորյա տոնավաճառները կբացվեն, սակայն չպատվաստված քաղաքացիների համար սահմանափակումները կպահպանվեն։

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել է նոր սահմանափակումներ մտցնելու մասին, քանի որ երկրում հիվանդացության մակարդակը, յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով՝ գերազանցում է 400 դեպքը, ինչն ավելի բարձր է, քն երրորդ ալիքի պիկին էր։

Մեծ Բրիտանիայում 10 օր հետո, հնարավոր է, «Օմիկրոնով» վարակման դեպքերն ավելի շատ լինեն, քան Աֆրիկայի այն երկրներում, որոնց Բրիտանիան վերջերս ընդգրկել էր «կարմիր ցուցակում», հայտարարել է գենետիկ համաճարակաբանության պրոֆեսոր Թիմ Սփեքթորը։ Նրա կարծիքով՝ «Օմիկրոնով» վարակվածների թիվը ստույգ չէ, և վարակման դեպքերն առնվազն երեք անգամ ավելի շատ են։ Բրիտանական իշխանություններն առայժմ հայտարարել են վիրուսի նոր տարբերակով վարակման 350 դեպքերի մասին, սակայն պրոֆեսորի կարծիքով՝ Մեծ Բրիտանիայում արդեն այդ վիրուսով վարակվել է հազարից երկու հազար մարդ։

«Կարծում եմ՝ կարող ենք ասել, որ այդ տարբերակը Մեծ Բրիտանիայում ավելի արագ է տարածվում, քան «Դելտան»»,- հավելել է մեկ այլ գիտնական՝ կորոնավիրուսի ծագումնաբանությունն ուսումնասիրող դոկտոր Ջեֆրի Բարեթը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուս․ ԱՀԿ-ն հորդորում է չշտապել պատվաստումը պարտադիր դարձնելու հարցում
Հաջորդ հոդվածըԲայդեն- Պուտին բանակցությունները կայացել են