ԿՀՎ-ն ծրագրել էր առևանգել կամ սպանել Ասանժին

547

Կենտրոնական հետախուզական վարչությունը քննարկել է Ջուլիան Ասանժին առևանգելու կամ մինչև իսկ սպանելու հնարավորությունը, երբ նա թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, գրում է բրիտանական Daily Telegraph-ը։

Ամերիկացիները բրիտանական կառավարությանը խնդրել են օգնել այդ հարցում, պնդում է թերթը՝ հղում անելով Yahoo News-ին և անանուն նախկին պաշտոնյաների։

ԿՀՎ-ն, գրում է Daily Telegraph-ը, այնքան կատաղած էր գողացված գաղտնի փաստաթղթերի հրապարակումից 2017 թվականին, որ բարձրաստիճան աշխատակիցները պահանջել են իրենց «տարբերակները» ներկայացնել, թե ինչպես կարելի է վերացնել WikiLeaks-ի հիմնադրին։

Ամերիկյան անվտանգության ծառայության մի նախկին աշխատակից, որի անունը չի հաղորդվում, պատմել է, որ Թրամփի օրոք ԿՀՎ-ի տնօրեն Մայք Փոմփեոն «այրվում էր Ասանժին սպանելու փափագից»։

Թերթի պնդման համաձայն՝ Ասանժին առևանգելու կամ սպանելու ծրագրերն սկսել են աշխուժորեն քննարկվել այն լուրերից հետո, թե Ռուսաստանն, իբր, նրան կարող է տեղափոխել Մոսկվա։

Բարձրաստիճան աշխատակիցների քննարկած սցենարներից էին՝ հնարավոր փոխհրաձգություն Լոնդոնի փողոցներում ռուսաստանցի գործակալների հետ, Ասանժին տեղափոխող ռուսաստանյան դիվանագիտական ավտոմեքենայի խոյահարում, կրակոցներ Մոսկվա թռչող ինքնաթիռի անվադողերի վրա՝ թռիչքից առաջ և այլն։

Սակայն Ջեյմս Բոնդի ոգով կազմված այս բոլոր ծրագրերը հավանության չեն արժանացել, մասնավորապես՝ որովհետև Սպիտակ տան իրավաբանները կասկածներ են ունեցել այդ գործողությունների օրինականության կապակցությամբ, նաև նրա համար, որ Մեծ Բրիտանիան ամերիկացիներին թույլ չի տվել նման գործողություն անցկացնել իր տարածքում։

Փոխանցում է BBC-ն։  

Նախորդ հոդվածըՊուտինը և Էրդողանը կբանակցեն առերես
Հաջորդ հոդվածըԱմերիկացիները՝ ռուսաստանյան ռազմաբազաներո՞ւմ