‘Deutsche Welle. Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին Գերմանիան հավանաբար ներկայացնի միայն դեսպանը ‘

1005

Հնարավոր է` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին Գերմանիան ներկայացված լինի դեսպանի մակարդակով: Այս մասին հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։

Լրատվամիջոցը նշում է, որ կանխատեսումների համաձայն, Գերմանիայի զսպվածությունն այս հարցում կընդգծվի բարձրաստիճան քաղաքական գործիչների բացակայությամբ։ «Հնարավոր է, որ Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին Գերմանիան ներկայացված լինի դեսպանի մակարդակով, մինչդեռ Ֆրանսիան կներկայացնի հենց նախագահ Ֆրանսուա Օլանդը», — գրում է գերմանական պարբերականը, հավելելով, որ այդ հարցը գերմանացի քաղաքական գործիչների շրջանում վեճերի պատճառ է դարձել, ինչի առնչությամբ առաջիկայում Գերմանիայի խորհրդարանում կընթանան լսումներ։

Նշենք, որ դեսպանների շրջանում ԱրմԻնֆո-ի հարցման արդյունքների համաձայն պարզվել է, որ երկրների մեծ մասն առայժմ չեն պատասխանել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու պաշտոնական Երևանի հրավերին, քանի որ դեռ չեն կողմնորոշվել, թե ինչ մակարդակով են ներկայանալու այդ միջոցառումներին: Շվեյցարիայի, Վրաստանի, Իրանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ճապոնիայի, Գերմանիայի դեսպանները հաղորդել են, որ Երևանի հրավերները դեռևս ուսումնասիրվում են իրենց երկրների արտաքին քաղաքական գերատեսչություններում: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ԵՄ նույնպես պատվիրակության կազմի առնչությամբ դեռ չի կողմնորոշվել: Ռուսաստանն արդեն կողմնորոշվել է, սակայն առայժմ չի ցանկանում «գաղտնազերծել» այդ տեղեկատվությունը:

 

Նախորդ հոդվածը‘ Պրեմիերա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյանը ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության կազմում կփոխարինի Վահե Հովհաննիսյանին’