‘«Die Welt». Գուցե Էրդողանը պետք է ավելի քննադատաբար նայի իր սեփական հմայիչ օրգանին’

963

Գերմանական «Die Welt» պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է վերականգնել Օսմանյան կայսրությունը: Ստորև  ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

Էրդողանը նոր Օսմանյան կայսրության մասին է երազում

Թուրքիայի վարչապետը մտածում է մասշտաբային պատմական կատեգորիաներով. թուրքերը պետք է վերադառնան այնտեղ, որտեղ նրանք նախկինում իշխել են, թեև Սուլեյման Հիասքանչի մասին սերիալը դժվարությամբ է տեղավորվում այդ հայեցակարգում:

Ահա գրեթե 3 տարի է թուրքական արտաքին քաղաքականությունը արևմտյան ԶԼՄ-ներում ներկայանում է որպես նոր-օսմանական, այսինքն` ներկայիս Թուրքիայի համար փորձ` նախկին Օսմանյան կայսրության տարածքներում ազդեցության (եթե չանեսք իշխանության) ժամանակակից ձևի կազմավորման համար: Եվ այդ երեք տարիների ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն չի դադարում կրկնել, որ դա անմտություն է:

Նոր «Արևելքի բացահայտումը» (ոմանք դա անվանում են մեջով շրջվել դեպի Արևմուտքը) ընդամենը իրավիճակի նորմալացում է, հավաստիացնում է Թուրքիայի արտգործնախարարը: Նրա խոսքերով, Թուրքիան պետք է հետաքրքրվի իր հարևաններով, ինչը նա մինչև վերջին ժամանակները չի արել:

Դա հնչում էր ավելի ու ավելի քիչ նվաճողական, քիչ ագրեսիվ, նույնիսկ պրագմատիկ և ռացիոնալ:Բայց, ցավոք, ջանասեր արտգործնախարարին հակասում է նրա սեփական ղեկավարը: Երկրի վարչապետը իրեն բնորոշ պարզությամբ հայտարարեց այն մասին, որ Թուրքիան ակտիվորեն խառնվելու է տարածաշրջանի գործերին, քանի որ այն ժամանակին մաս է կազմել Օսմանյան կայսրությանը: «Մեզ առաջնորդում է օսմանների կայսրությունը ստեղծող ոգին»,- օրը հայտարարել էր Էրդողանը:

Մենք պետք է գնանք այնտեղ, ուր մեր պապերն են եղել

Այնուհետև Էրդողանն նա անդրադարձել էր ընդդիմության կողմից հնչող քննադատությանը, որը միանգամայն տեղին հարց էր հնչեցնում այն մասին, թե` ի՞նչ է Թուրքիան կորցրել պաղեստինյան Գազայի հատվածում, հյուսիսաֆրիկյան Սուդանում և քաղաքացիական պատերազմի բովում հայտնված Սիրիայում: Ավելի լավ չէ՞ր լինի ակտիվություն դրսևորել Բրյուսելում՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը արագացնելու համար: «Մենք պետք է գնանք այնտեղ, ուր մեր պապերն են եղել»,- ընդգծել էր Էրդողանը: Դա նշանակում է` Սերբիայից Կասպից ծով, Եմենից Ալժի՞ր:

Սա արտաքին քաղաքականության բավական տարօրինակ ընկալում է` իբր ոչ թե նյութական շահերին հավատարմությունը, այլ պապերի ուխտը պետք է թուրքական դրոշները ուղղորդի դեպի այն երկրներ, որտեղ հարյուրամյակներ առաջ ծածանվել են նրանք: Այդ պարագայում խոսքը գնալու է նաև Կոսովոյի, Ալբանիայի, Բոսնիայի, նույնիսկ Հունգարիային մասին, էլ չասած Վիեննայի դարպասների մասին:

Ամեն դեպքում, Բալկաններում թուրքական ազդեցության տարածման վրա շատ քիչ ուշադրություն է դարձվում: Տնտեսական հարաբերությունները, որոնք մասամբ կապված են տնտեսական ճնշման հետ, ինչպես նաև Գյուլեն թուրքական դպրոցների ստեղծումը հանդիսանում են այդ շարժման վեկտորները: Դա այն քաղաքականության մասն է, որը Դավութօղլուի կարծիքով պետք է Թուրքիան դարձնի «գրավիտացիոն կենտրոն»` ծայրահեղ դեպքում մի տարածաշրջանի, հնարավոր է նաև ամբողջ աշխարհի համար: Այդ պատկերացումների համաձայն` նրա շուրջ պտտվող խամաճիկների թվին են պատկանում ոչ միայն Մերձավոր Արևելքը, այլև Բալկանները:

Քաղցր պատկերացումներ պատմական հաղթանակների մասին

Իր նոր-օսմանական հռետորաբանության ամրապնդման համար Էրդողանը վերջին շրջանում պատրաստակամորեն տրվում է քրիստոնյա տերությունների նկատմամբ տարած ռազմական հաղթանակների մասին հիշողություններին: Մոտ երկու ամիս առաջ նա երիտասարդությանը կոչ էր արել իրենց համար որպես օրինակ վերցնել Ալփ-Ասլանին (1063-1072 թվականներին նա եղել է Մեծ սելջուկների սուլթան), որը 1071 թվականին Բյուզանդական կայսրության նկատմամբ վճռական հաղթանակ տարավ և ճանապարհ հարթեց դեպի Անատոլիա:

Հիմա Էրդողանը հիշատակում է ևս մեկ ճակատամարտ. «Մեզ առաջ է մղում Դումլումինարի նահատակների ոգին»: 1922 թվականի պատերազմի ժամանակ հույների դեմ վճռական ճակատամարտ է եղել: 
Աչքի է զարնում այն, որ Էրդողանը խոսում է օսմանյան ժառանգության նկատմամբ իր հավատարմության մասին և դրա համար պատրաստակամորեն հենվում է զինված մարտերի վրա: Թեև նա օրինակ է բերում միայն այն մարտերը, որոնք ուղղակիորեն կապված չեն Օսմանյան կառավարման շրջանի հետ:

Թուրքերը Մանասկերտի ճակատամարտի ժամանակներից հայտնի են եղել որպես սելջուկներ և նրանց այդ հաղթանակը վերաբերում է նախաօսմանական շրջանին: Իսկ 1922 թվականին Աթաթյուրքն է գլխավորել թուրք աշխարհազորին և հենց այսօրվա Թուրքիայի հիմնադիրն էլ լուծարել է խալիֆայությունն ու սուլթանությունը:

Մեղադրանք հեռուստասերիալի առիթով

Էրդողանը նաև հստակ հասկացրել է, որ ոչ ոքի վրա մտադիր չէ հարձակվել, թեև մյուս կողմից հայտարարել է. «մեր համբերությունը սահման ունի», և Թուրքիան պետք է «պաշտպանի իրեն սպառնալիքներից»: Դատելով այդ ամենից, խոսքը նաև այն թուրքերի մասին է, ովքեր օսմանցիների մասին բացասաբար են արտահայտվում: Ներկայումս հեռարձակվում է նոր հանրահայտ հեռուստասերիալ, որը պատմում է «Սուլեյման Հիասքանչի» կառավարման շրջանի մասին, ով 16-րդ դարում նվաճեց Հունգարիան և իր բանակով մոտեցավ Վիեննայի դարպասներին:

«Muhtesem Yüzyil» («Հիասքանչ դարը») հեռուստասերիալը ցուցադրվում է 22 երկրներում, այդ թվում` Ռուսաստանում, Հունաստանում, հարավ-արևելյան Եվրոպայի երկրներում, ինչպես նաև արաբական տարածաշրջանում: Երկու գերմանա-թրքուհիներ` Մերմե Ուզերլին և Սելմա Էրգեչը սերիալի գլխավոր դերակատարներն են` խաղում են սուլթանի կնոջ և քրոջ դերերը: Այդ սերիալը դեռևս 2011 թվականի հունվարին առաջին ցուցադրության ժամանակ Թուրքիայի ազգայնական տրամադրություններ ունեցեղ մահմեդականների կողմից ակտիվ քննադատության արժանացավ:

Նրանց դուր չէր եկել պատմական կերպարների սիրային կյանքի ցուցադրությունը, հարեմի ինտրիգները, ինչպես նաև պալատում իշխանության համար պայքարը: Եվ Էրդողանը պատրաստ չէ ընդունել այդպիսի ոչ հերոսական և սեռական թուլություններ ունեցող սուլթանի: Չէ որ նա, վարչապետի խոսքերով, «30 տարի անցկացրել է թամբի վրա»:

Թուրքիայի վարչապետի կարծիքով, ժողովուրդը պետք է հանդես գա ազգային արժեքների հետ խաղացող անձանց ուղղված իրավական նախազգուշացմամբ: «Մենք այդ մասին տեղեկացրել ենք համապատասխան ինստանցիաներին և սպասում ենք դատական վճռին»,- հայտարարել է Էրդողանը: Հավանաբար նա նկատի է ունեցել ենթադրաբար անկախ թուրքական դատական համակարգը:

Հետամնաց և ազգայնական հոգեկերտվածք

Ամբողջ աշխարհում 150 մլն մարդ դիտում է այդ հեռուստասերիալը, որը հայտնի պատմաբան, պրոֆեսոր Խալիլ Բերքթայն առանց նրա պատմականությանը կասկածելու, անվանել է «պարզունակ բազմասերիանոց ֆիլմ»:

«Արդյոք գերմանացիները վիրավորվելո՞ւ են այն բանից, թե ինչպես է ֆիլմում ներկայացվում Օտտո ֆոն Բիսմարկը: Արդյոք ֆրանսիացիները վիրավորվելո՞ւ են այն բանից, թե ինչպես է ներկայացվում Լյուդովիկոս 14-րդը կամ անգլիացնիներն այն բանից, թե ինչպես է ներկայացվում Ռիչարդ Առյուծասիրտը: Աշխարհում ոչ ոք արվեստն այդպիսի շրջանակների մեջ չի ընկալում»:

Բոլոր այդ խոսակցությունները, պատմաբանի կարծիքով, գտնվում են հետամնաց և ազգայնական հոգեկերտվածքի ներքո: «Այն հանգամանքը, որ Թուրքիայի վարչապետը սպառնում է ֆիլմի պրոդյուսերին ու հեռուստաընկերության սեփականատիրոջը, գրաքննության է նման»,- ընդգծել է նա:

Բայց դատելով այդ ամենից, Էրդողանը լուրջ է վերաբերվում այդ հարցին, այսինքն` ապագայում օսմանների հետ կապված որևէ կատակ չպետք է լինի: Ի դեպ, սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը (1842-1918) ունեցել է անսովոր մեծ քիթ: Այդ պատճառով էլ նա սահմանել էր, որ «քիթ» բառը չպետք է հայտնվի թերթերում: Գուցե Էրդողանը պետք է ավելի քննադատաբար նայի իր սեփական հմայիչ օրգանին»:

Թարգմանությունը՝ Panorama.am


Նախորդ հոդվածը‘Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ տալուն ‘
Հաջորդ հոդվածը‘Ջորջ Բուշ-ավագը հոսպիտալացվել է’