‘Doing Business 2013. Հայաստանը 32-րդն է, Վրաստանը՝ 9-րդը ‘

967

Համաշխարհային բանկը (World Bank) և Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) համատեղ հրապարակել են Doing Business (Գործարարությամբ զբաղվելը) ամենամյա զեկույցի այս տարվա «Doing Business 2013» թողարկումը։ 

Tert.am-ի փոխանցմամբ՝ գործարարությամբ զբաղվելու հեշտության տեսանկյունից 185 երկրների առավելություններն ու թերություններն ամփոփող այս զեկույցում Հայաստանը իր դիրքերը բարելավել է 18 կետով և նախորդ տարվա 50-րդ տեղից հայտնվել է 32-րդ տեղում։ 

Աղյուսակը, ինչպես և նախորդ տարի, գլխավորում է Սինգապուրը, երկրորդ տեղում կրկին Հոնգ Կոնգն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է մեկ կետով վեր բարձրացած Նոր Զելանդիան։

Հատկանշական է, որ լավագույն տասնյակում տեղ է գտել մեր հարևան Վրաստանը՝ զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը։ Վրաստանը մեկ տարվա ընթացքում իր դիրքերը բարելավել է 3 կետով. նախորդ տարի այն 12-րդն էր, ինչը ևս բավական բարձր ցուցանիշ է։

Մեր մյուս հարևան Ադրբեջանը նահանջել է 1 կետով և այժմ 67-րդ տեղում է։ Ռուսաստանը տեղ է զբաղեցրել 112-րդ հորիզոնականում՝ բարելավելով իր դիրքերը 6 կետով։

Նշենք, որ Doing Business զեկույցը ցույց է տալիս, թե որքանով է հեշտ կամ դժվար այս կամ այն երկրում սկսել փոքր կամ միջին բիզնես՝ 11 տարբեր չափորոշիչների տեսանկյունից։

Դրանք են՝ «Բիզնեսի մեկնարկը», «Շինարարության թույլտվության տրամադրումը», «Էլեկտրամատակարարման ապահովումը», «Սեփականության գրանցումը», «Վարկերի ստացումը», «Ներդրողների պաշտպանվածությունը», «Հարկերի վճարումը», «Արտաքին առևտուրը», «Պայմանագրերի կիրարկումը» և «Սնանկության գործերով որոշումների կայացումը»:

Նշվածներից ամենամեծ առաջընթացը, որքան էլ զարմանալի է, Հայաստանը գրանցել է «Ներդրողների պաշտպանվածություն» ցուցանիշով՝ վեր բարձրանալով միանգամից 73 տեղով և 98-րդ տեղից հայտնվելով 25-րդ տեղում։

Հաջորդ ամենամեծ առաջընթաց գրանցած ոլորտը «Հարկերի վճարումն» է (ի նկատի է առնվում հարկերի վճարման գործընթացների հեշտությունը)։ Այստեղ մեր երկրի առաջընթացը 44 կետով է, չնայած շարունակում է մնալ վատագույն կեսում՝ 108-րդ տեղում։ Գրեթե նույնքան՝ 42 կետանոց առաջընթաց է գրանցվել «Էլեկտրամատակարարման ապահովման» ոլորտում. 101-րդ տեղ՝ նախորդ տարվա 143-րդի համեմատ։ 

Մյուս ոլորտը, որտեղ փոքր՝ 3 կետանոց առաջընթաց կա, «Շինարարության թույլտվության տրամադրումն» է, որի կտրվածքով Հայաստանը 46-րդ տեղում է։

2 կետանոց հետընթաց է գրանցվել «Վարկերի ստացման» մասով. 40-րդ տեղից՝ 38-րդ տեղ։ 1-ական կետով էլ վիճակը վատթարացել է «Արտաքին առևտրի» ոլորտում՝ 107-ից՝ 106-րդ տեղ և «Բիզնեսի մեկնարկ» ոլորտում, որտեղ Հայաստանը բավական բարձր դիրքերում է՝ 11-րդ տեղ՝ նախորդ տարվա 10-րդի փոխարեն։

Ընդհանուր առմամբ, անցած տարվա ընթացքում Հայաստանը հասցրել է բարեփոխումներ իրականացնել 2 ուղղությամբ։ Անցած տարվա զեկույցում այդ ուղղությունները 5-ն էին, ինչի կտրվածքով Հայաստանն առաջատար էր։ Այս տարի առաջատարն այս առումով Վրաստանն է, որն իրականացրել է 6 բարեփոխում։

Ի դեպ, Վրաստանն առաջատար է նաև մեկ այլ ցուցանիշով. 2005թ.-ից սկսած գրանցած առաջընթացի միջին ցուցանիշով։ Հայաստանն այդ առումով 19-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 13-րդը։

Doing Business զեկույցը կարևորվում է օտարերկրյա ներդրումների գրավչության տեսանկյունից, քանի որ այն բավական համընդունելի «ուղեցույց» է օտարերկրյա ներդրողների համար այս կամ այն երկրում ներդրումներ կատարելու տեսանկյունից։

Նշենք նաև, որ այս զեկույցի կարևորությունը բազմիցս մատնանշվել է Հայաստանի կառավարության, մասնավորապես՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից։

Նկատենք նաև, որ զեկույցում քարտեզի վրա Հայաստանի փոխարեն նշված է Բոսնիա-Հերցեգովինան։

Նախորդ հոդվածը‘Սևանից Դիլիջան տանող թունելի հարակից տարածքում տեղադրվել է արագաչափ’
Հաջորդ հոդվածը‘Օտարին՝ քծնանք, սեփական ժողովրդին՝ արհամարհանք (տեսանյութ)’