‘
Համաշխարհային բանկի Doing Business-2015 վարկանիշում Հայաստանը մեկ տարի առաջ զբաղեցրած 49-րդ հորիզոնականից անցում է կատարել 45-րդ հորիզոնականը: Այդ մասին ասվում է ՀԲ հրապարակած զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանում շատ հեշտ է բիզնես սկսել և անշարժ գույք գրանցել: Ըստ այդ ցուցանիշների, երկիրն զբաղեցնում է, համապատասխանաբար, 4-րդ և 7-րդ տեղերը: Շատ վատ է միջազգային առևտրի գծով ցուցանիշը.110-րդ տեղը բիզնես վարելու հեշտության վարկանիշում` ներառված 189 երկրների թվում: Պայմանագրերի կատարումն ապահովելու չափորոշիչով երկիրը զբաղեցրել է 119-րդ, էլեկտրամատակարարման ցանցին միացման` 64-րդ, մինորիտար ներդրողների պաշտպանվածությամբ` 60-րդ, հարկերի վճարման ընթացակարգի հեշտության` 82-րդ տեղը:
Հետխորհրդային տարածքի երկրներից Հայաստանից առաջ է միայն Վրաստանը` զբաղեցնելով 15-րդ հորիզոնականը: Բելառուսը հայտնվել է 57-րդ հորիզոնականում, Ռուսաստանը՝ 62-րդ, Մոլդովան՝ 63-րդ, Ղազախստանը՝ 77-րդ, Ադրբեջանը՝ 80-րդ, Ուկրաինան՝ 96-րդ: Ամենավատ իրավիճակը Ղրղըզստանում, Ուզբեկստանում և Տաջիկստանում է:
Բիզնեսի վարման համար ամենանպաստավոր պայմանների ստեղծման համաշխարհային առաջատարը` արդեն իններորդ անգամ, Սինգապուրն է: Տասնյակում են Նոր Զելանդիան, Հոնկոնգը, Դանիան, Հարավային Կորեան, Նորվեգիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան, Ավստրալիան:
‘