Գերմանիան պատրաստ է Պուտինի հակառակորդներին վիզա տալ

909

Գերմանիան պատրաստ է Պուտինի ռեժիմի հակառակորդներին գերմանական ազգային վիզա, կեցության վկայական և աշխատանքի թույլտվություն տրամադրել հեշտացված կարգով։ Այդ հարցի միջգերատեսչական կարգավորումը ԳԴՀ կառավարությունում ընթացել է վերջին երեք ամիսներին, տեղեկացնում է Deutsche Welle-ն։

Երկրի ներսում հալածանքների ենթարկվող ռուսաստանցիներին, այդ թվում՝ լրագրողներին, իրավապաշտպաններին և ընդդիմադիրներին պաշտպանություն տրամադրելու վերաբերյալ երկուշաբթի հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆրեզերը։

Այդ կատեգորիային պատկանող մարդկանց թվում են արտախորհրդարանական ընդդիմության ռուսաստանցի ակտիվիստները և նրանց կողմնակիցները, այլախոհներին պաշտպանող փաստաբանները, Ռուսաստանում անցանկալի հայտարարված կազմակերպությունների աշխատակիցները, «օտարերկրյա գործակալ» անձինք։

Գերմանիան պատրաստ է ընդունելու նաև Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի դեմ հանդես եկող գիտնականներին, մշակույթի գործիչներին և լրագրողներին, այդ թվում՝ պետական ԶԼՄ-ների աշխատակիցներին, որոնք աշխատանքից հեռացվել են պաշտպանական գծին չհամապատասխանող լուսաբանումների համար։ Նշվում է, որ նրանք բոլորը կարող են Գերմանիա տեղափոխվել ընտանիքներով, և մեկնումը հնարավոր է ոչ միայն Ռուսաստանից, այլև ցանկացած այլ երկրից՝ Վրաստանից, Հայաստանից։ Այդ դեպքում վիզաների ձևակերպումը կկատարվի այդ երկրների գերմանական դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԵՄ-ն համաձայնեցրել է պատժամիջոցների վեցերորդ փաթեթը
Հաջորդ հոդվածըԴոնբասում զոհվել է ֆրանսիացի լրագրող Ֆրեդերիկ Լեկլեր-Իմոֆֆը