‘
Իսպանական ոստիկանությունը փետրվարի 22-ին դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումից հետո զինապահեստ է հայտնաբերել Մադրիդում ԿԺԴՀ-ի դեսպանատանը: Այդ մասին տեղեկացրել է El Mundo թերթը:
Թերթի տվյալներով՝ միջադեպից հետո ոստիկանությունը ստուգում է անցկացրել դեսպանատանը, որպեսզի հարձակման վերաբերյալ ապացույցներ հայտնաբերի: Արդյունքում՝ ոստիկանները հայտնաբերել են զինանոց՝ մեծ քանակության զենքերով: Թերթի աղբյուրները չեն նշել, թե քանի միավոր զենք է հայտնաբերվել: Չի բացառվում, որ այն պատկանել է դեսպանատան վրա հարձակում գործած մարդկանց:
Ինչպես հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները, փետրվարի 22-ին անհայտ անձանց մի խումբ՝ մոտավորապես տասը հոգի, հարձակում են գործել Մադրիդում ԿԺԴՀ-ի դիվանագիտական ներկայացուցչության վրա և գողացել են համակարգչային սարքավորումներ: Հանցագործները աշխատակազմին պահել են դեսպանատանը և այնտեղ են մնացել մի քանի ժամ: Ոստիկանությունը հարձակման մասին տեղեկացել է, երբ պատանդներից մեկին հաջողվել է փախչել:
Չորեքշաբթի El Pais թերթը հաղորդել է, որ միջադեպը հետաքննող իրավապահ մարմինները չեն բացառում, որ հարձակման հետ կապ ունի ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը: Իսպանիայի իշխանություններն առայժմ հրաժարվում են մեկնաբանել այդ վարկածը:
Փոխանցում է tass.ru-ն:
‘