‘Euronews.com-ը կհեռարձակի Արամ Խաչատրյանի անվան II միջազգային փառատոնի համերգը’

1293

Euronews հեռուստաալիքի պաշտոնական կայքը` www.euronews.com-ը, ուղիղ եթերում կհեռարձակի Արամ Խաչատրյանի անվան II միջազգային փառատոնը եզրափակիչ համերգը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, ջութակահար Մայու Քիշիմայի /Ճապոնիա/, մեցցո-սոպրանո Մարինա Դոմաշենկոյի /Ռուսաստան/ և Հայաստանի պետական ակադեմիական կապելլայի մասնակցությամբ համերգը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին Երևանում:

Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Երիտասարդական նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը, ավելի վաղ փառատոնի շրջանակներում բոլոր 15 համերգը հասանելի էր համացանցում` www.akhif.am և  www.syoa.tv կայքերում ուղիղ հեռարձակմամբ: Բարձր գնահատելով երաժիշտների կատարողական վարպետությունը, ինչպես նաև հեռարձակման տեխնիկական որակը` Euronews-ը հանդես է եկել իր կայքում փառատոնի վերջին համերգի հեռարձակումը կազմակերպելու առաջարկով:

www.euronews.com-ն ունի օրական 400 հազար այցելու: Այդպիսով, առաջիկա համերգը միջազգային մեծ լսարան կունենա: Տեր-Հովակիմյանը տեղեկացրել է, որ Euronews-ի և Հայաստանի երիտասարդական նվագախմբի համագործակցությունը կշարունակվի նաև հաջորդ տարի: Դա հատուկ  նշանակություն ունի, քանի որ 2015 թ. նշվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, և երաժիշտների գրեթե բոլոր ելույթները նվիրված են լինելու այդ տարելիցին:

Արամ Խաչատրյանի անվան II միջազգային փառատոնը մեկնարկել է Երևանում սեպտեմբերի 16-ին: 

Նախորդ հոդվածը‘ԿԲ փոխնախագահը պնդում է, որ արտակարգ գնաճ տեղի չի ունենա, իսկ դրամի անկումը վերահսկվում է ‘
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. Առողջապահության նախարարությունը պատասխանատվություն է կրում Եղվարդի մանկապարտեզի երեխաների սննդային թունավորման համար’