Facebook ընկերությունը կանվանվի Meta. Պաշտոնապես՝ դա «մետատիեզերք» բառից է

220

Facebook ընկերությունը փոխել է անունը և հիմա կոչվում է Meta։ Ընդ որում՝ նրա գլխավոր սոցիալական ցանցի անունը մնում է նախկինը։

Անվանափոխության մասին հայտարարվել է Facebook-ի համահիմնադիրների տարեկան համաժողովում։ Պաշտոնական վարկածով՝ նոր անվանումը ավելի լավ կհամապատասխանի ընկերության ներկայիս գործունեությանը։

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ ընկերությունը Meta կանվանվի «այսօրվանից սկսած»։

Facebook-ը վերջերս հայտնել էր «մետատիեզերք» ստեղծելու իր պլանների մասին՝ օնլայն-աշխարհի, որտեղ մարդիկ կարող են աշխատել, խաղեր խաղալ ու շփվել միմյանց հետ, հաճախ՝ վիրտուալ իրականության սաղավարտներով։

«Այս պահից սկսած՝ մենք Meta ենք, այլ ոչ թե Facebook։ Դա նշանակում է, որ ձեզ պետք չի լինի օգտագործել Facebook անվանումը մեր բոլոր սերվիսները նշելու համար,- հայտարարել է Ցուկերբերգը։- Հիմա մեզ ընկալում են որպես ընկերություն սոցիալական ցանցերում։ Մինչդեռ մենք ընկերություն ենք, որը մարդկանց իրար կապող տեխնոլոգիաներ է ստեղծում»։

Գործարարը ակնկալում է, որ տասնամյակի վերջին «մետատիեզերքում» առնվազն մեկ միլիարդ մարդ կլինի։

Բացի նույնանուն սոցիալական ցանցից՝ Facebook-ին է պատկանում ևս մի ցանց՝ Instagram-ը, ինչպես նաև հանրահայտ մեսենջեր WhatsApp-ը։ Դրանք բոլորը շարունակում են աշխատել նախկին անուններով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄարտական հենակետում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով, վիրավորվել 4 զինծառայող
Հաջորդ հոդվածըԼատվիայում նոր լոքդաուն է սահմանվել