‘
Facebook սոցիալական ցանցը հայտարարել է, որ ընդառաջ գնալով օգտատերերի բազում բողոքներին՝ փոխելու է լրաժապավենի կազմման մեխանիզմը, որպեսզի այնտեղ ավելի քիչ լինեն սադրիչ և ոչ ինֆորմատիվ հոդվածներ:
Խոսքն այնպիսի վերնագրերի մասին է, ինչպես՝ «Նա նայեց բազմոցի բարձի տակ և տեսավ դա… Ես ցնցված էի», «Շունը հաչաց փոստատարի վրա, նրա արձագանքն աներևակայելի էր», «Քնելուց առաջ նա սխտոր դրեց կոշիկների մեջ: Այն, ինչ տեղի ունեցավ հետո՝ անհնար է պատկերացնել» և այլն:
Ընկերությունն առանձնացնում է վերնագրերի երկու տեսակի «clickbait» ( Click- կանչել և Bait- խայծ). վերնագրեր, որոնք թույլ չեն տալիս նախապես հասկանալ նյութի բովանդակությունը («Չեք պատկերացնի, թե ով է սայթաքել ու ընկել կարմիր գորգի վրա»), և վերնագրեր, որոնք չափազանցում են նյութի նշանակությունը («Ճի՞շտ է, որ խնձորը վտանգավոր է քեզ համար»):
Տասնյակ հազարավոր այդօրինակ նյութերի վերլուծությունից հետո ալգորիթմը կաշխատի էլեկտրոնային փոստի սպամ-ֆիլտրի նմանությամբ: Այն կարող է բացահայտել clickbait-վերնագրերում ամենահաճախ հանդիպող նախադասությունները և այն կայքէջերը, որոնք պարբերաբար այդպիսի նյութեր են հրապարակում, և սահմանափակել նրանց ներկայությունը օգտատերերի լրաժապավեններում:
Փոխանցում է BBC-ն:
‘