‘Facebook-յան արձագանքներ. Ես միշտ շնորհակալ կլինեմ հեղափոխական նախագահ Տեր-Պետրոսյանին ‘

1318

Ի՞նչ է «խոսում» Ֆեյսբուքը ՀՀ առաջին նախագահի՝ առաջիկա նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին։

Արամազդ Ղալամքարյան. «Մնացինք միջակությունների հույսին, դրա համար էլ տխրում ենք, բայց իմաստուն որոշում էր, իհարկե»։

Արա Շիրինյան. «Ավարտվեց հայոց պետականաշինության մի ամբոդջ դարաշրջան՝ Լեւոնի   համաստեղությունը: Նման մեծության քաղաքական գործիչ մենք այլեւս չենք ունենա։ Եթե նոր սերունդը ուժ կգտնի դիմագրավելու շակալների ոհմակին, ուրեմն կմնանք քարտեզի վրա՝ որպես անկախ պետության։

Լեւոն Մարգարյան. — Լավ, քանի որ ֆեյսբուքում քննարկվող հիմնական թեման աոաջին նախագահի չառաջադրվելն է, մի բան էլ ես ասեմ. ապրես, Պապի ջան, որ 2007-2008-ին եկար հետ, ես՝ գերազանցիկ ուսանողս, որ պատրաստվում էի Հայաստանից գնալուն, 2008-ից հետո կպած մնացի էս երկրին, չգիտեմ՝ դու ինչ արեցիր, արդար էիր, թե՝ չէ, ծախվեցիր, թե՝ չէ, վախեցար, թե՝ չէ, պարտվեցիր, թե՞ հաղթեցիր, բայց թեկուզ ոչ քո ճամբարից՝ ես քեզ ասում եմ ՝ Շնորհակալություն գալու, հիմա էլ գնալու համար։ Էլիոթի էս բանաստեղծությունը քեզ… (բանաստեղծությունը կարդացեք ֆեյսբուքում–«ՉԻ»)։

Գայանե Համբարձումյան. «Իմ կարծիքով՝ փետրվարի 18-ի ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած ձայներով անվավեր քվեաթերթիկների թիվն աննախադեպ է լինելու»։

Արամ Աբրահամյան. «Որոշումը ճիշտ էր եւ ազնիվ։ Բոլոր անկեղծ կողմնակիցներին խնդրում եմ չհուսահատվել»։

Մենուա Հարությունյան. «Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվելով նախագահական ընտրություններին՝ քաղաքական գործչից կրկին դարձավ Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ»։

Հրանտ ՏէրԱբրահամեան, կամ Ուստա Հրանտ. «Վերջացավ մի ամբողջ քաղաքական, գուցե պատմական ժամանակաշրջան։ Կարծում եմ՝ ոչ միայն 2007-ից սկսված։ Շատ բան կա ու կլինի ասելու։ Էս պահին մենակ երկու բան կարող եմ ասել։ Անկեղծորեն շնորհակալ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ այս հինգ տարիների քաղաքական դպրոցի, յուրահատուկ գործնական պատմագիտության «սեմինարի» համար։ 5 տարի առաջ ես լրիվ այլ մարդ էի, այսօր՝ այլ։ Ես միշտ խուսափել եմ «լեւոնական» բնորոշումից, առարկել եմ, երբ ինձ այդպես են կոչել, որովհետեւ քաղաքական դիրքորոշման անձնավորումը սխալ եմ համարել։ Բայց էսօրվանից ինձ համարեք լեւոնական»։

Վախթանգ Սիրադեդյան. «Հայեր, չեմ կարծում, թե հիմա ժամանակն է իրար սխալ հանելու, Լեւոնի չառաջադրմամբ ավելի թուլացավ ընդհանուր ընդդիմադիր դաշտը։ Դա ոչ թե մուռ հանելու, այլ լուծում գտնելու մարտահրավեր է մեզ»։

Արմինե Գեղամյան. «Լևոնն ինքն է ընտրել, որ չի ուզում մասնակցել էս խաղեր-խաղիկներին, էկեք հարգենք էդ մարդու որոշումը: Ես տխուր չեմ, որովհետև եթե էդ մարդը իր հսկայական գիտելիքով ու փորձով էդպես է որոշել, ուրեմն գիտի, թե ինչու: Ես, օրինակ, չէի ուզենա, որ ինքը հերթական անգամ նյարդ, առողջություն քայքայեր, որ էսօրվա իշխանությունը վերջում գնար նկարեր, որ էլի սերժն ա ընտրվել»:

Արմեն Դավթյան.– «Լեւոն Տեր Պետրոսյանի չառաջադրվելու մասին որոշումը ավելի շատ է քննարկվում, քան բոլոր առաջադրման մասին հայտարարած պոտենցիալ թեկնածուներինը՝ միասին վերցված»:

Կարեն Թովմասյան. «Ես միշտ շնորհակալ կլինեմ ՆԱԽԱԳԱՀ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ` շնորհակալ կլինեմ Հայաստանի անկախության համար տարվող պայքարը անցնցում ու մինչև վերջնական նպատակակետին անցնցում ու անարյուն տանելու ու ավարտելու համար:
Շնորհակալ կլինեմ Լեռնային Ղարաբաղի ազատագրության համար մղվող պայքարը հաղթանակով պսակելու ու Բուդապեշտում դիվանագիտական բարձրագույն պիլոտաժի համար:
Շնորհակալ կլինեմ տնտեսությունը լիբերալիզացնող ռեֆորմներ ընդունելու համար:
Շնորհակալ կլինեմ 1998-ին իր անարյուն ու անցնցում հրաժարականով ու իր տասնամյա լռությամբ իր ճշմարտացիությունը ապացուցելու համար:
Ես միշտ շնորհակալ կլինեմ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ինձ 21 տարեկանում բնակչից քաղաքացու վերածելու համար: Շնորհակալ կլինեմ իմ սեփական ուժերի մեջ ինձ հավատացնելու համար, շնորհակալ կլինեմ ինձ ու իմ նմաններին հասկացնելու համար, որ մենք մեր սկզբունքներին նվիրվածությամբ ու հավատարմությամբ ավելի մեծ ուժ ենք ներկայացնում, քան որևէ օլիգարխ, կամ օլիգարխների զինված բանակներ, ովքեր մեր հարվածների տակ կուչ էին եկել և գլխապատառ փախուստի էին դիմում մարտի 1-ին Մյասնիկյանի հրապարակի դիմաց:
Շնորհակալ եմ ինձ հասկացնելու համար, որ ոստիկանն ու ոստիկանական մահակը ոչինչ են ընդդեմ ըմբոստ ու պայքարող քաղաքացու, որ անգամ տանկերն ու թնդանոթերը կարող են բավարար չլինել մեր դեմն առնելու համար:
Շնորհակալ եմ անապատում մարդկային ծով ստեղծելու համար:
Շնորհակալ եմ 2008-ի Փետրվարյան անմոռանալի տասնօրյակի, կես միլիոնանոց երթերի, հանրահավաքների ու նստացույցերի համար:
Շնորհակալ եմ ինձինց ու իմ ընկերներից քաղաքացիական գիտակցությամբ ապագա քաղաքական գործիչներ ու լիդերներ կերտելու համար:
Շնորհակալ եմ Հայաստանում նոր սերունդի ու նոր խավի ձևավորման համար:
Նախագահն արեց ամեն ինչ, ինչ կարող էր, արեց ավելին, քան կարող էր, ու ես հպարտ եմ: Ես հպարտ եմ, որ 8 տարի շարունակ իմ պետության համար ամենածանր տարիներին իմ պետությունը առաջնորդել ու ներկայացրել է Տեր-Պետրոսյանի նման լեգենդար անհատականությունը:

Հ.Գ. Այս հինգ տարիների ընթացքում իմ քաղաքական հայացքների համար միշտ գնացել եմ որոշակի զրկանքների ու զոհողությունների, բայց եթե ես նորից նույն ընտրության առաջ կանգնած լինեի, նորից կգնայի այդ բոլոր զրկանքներին: Ես հպարտ եմ, որ հինգ տարի շարունակ նման լեգենդն է առաջնորդել ինձ, հպարտ եմ որ նրան ճանաչելու, նրա հետ շփվելու բախտ ու երջանկություն եմ ունեցել, նրան բարևելու ու նրա հետ 2 բառ փոխանակելու երջանկություն եմ ունեցել: Ու եթե անգամ ես իմ կյանքում ուրիշ բան չանեմ՝ երեխաներիս ու թոռներիս պատմելու համար, ես կհպարտանամ միայն նրանով, ինչ արել եմ 2007-2012 թթ. ընթացքում: Ամեն ինչ դեռ առջևում ա: Տեր-Պետրոսյանի գցած ծիլերը արդեն խոր արմատներ են գցել, ու մի օր այդ ծիլերից աճելու է հսկայական մի կաղնի, մշտադալար և կանգուն: Հաղթելու ենք»:

«Չորրորդ Ինքնիշխանություն» 

Նախորդ հոդվածը‘Աբրամովիչը Ֆալկաոյի եւ Վիլիանի համար գումար չի խնայի’
Հաջորդ հոդվածը‘Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են ‘