‘
Femen ֆեմինիստական խմբի ակտիվիստները փորձել են խափանել Փարիզում ֆրանսիական ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենի մայիսմեկյան ելույթը:
Մինչև գոտկատեղը մերկացած երեք աղջիկներ բարձրացել են Գարնիե օպերային թատրոնի հրապարակի վրա բացվող պատշգամբը, որտեղից ելույթ էր ունենում ֆրանսիացի ազգայնականների առաջնորդը: Ակտիվիստուհիները պատշգամբից դրոշներ են կախել՝ գույներով շատ նման նացիստական դրոշներին, և սկսել են կարգախոսներ վանկարկել:
Աղջիկներից մեկի կրծքին եղել է «Հա՛յլ, Լը Պեն» մակագրությունը, մյուսինը՝ «Դադարեցրե՛ք ֆաշիզմը»:
Անվտանգության ծառայությունը ձերբակալել է աղջիկներին և հանձնել ոստիկանությանը:
«Մայիսի 1-ի համար անակնկալները մի քիչ շատ էին,- միջադեպը մեկնաբանել է Մարին Լը Պենը:- Պարադոքս է՝ քեզ ֆեմինիստուհի ես հռչակում ու թույլ չես տալիս հարգանքի տուրք մատուցել Ժաննա դ’Արկի հիշատակին»,- հավելել է նա:
Ուրբաթ օրը Femen-ի ակտիվիստուհիները փորձել են խանգարել Լը Պենին և նրա կողմնակիցներին՝ ծաղկեպսակ դնել Ֆրանսիայի ազգային հերոսուհու հուշարձանին: Փոխանցում է BBC-ն:
‘