‘
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Հայաստանում իր անդամ կազմակերպությունը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ն և Նորվեգիայի hելսինկյան կոմիտեն համատեղ ամփոփագիր են տարածել, որում իրենց մտահոգությունն ու առաջարկություններն են ներկայացրել Հայաստանում իրականացվող արդարադատության վերաբերյալ։
«Արդարադատության իրականացումը Հայաստանում տարիներ շարունակ մտահոգության առարկա է եղել և շարունակում է լուրջ խնդիր հանդիսանալ: Տեղական իրավապաշտպանների կողմից կատարված համապարփակ մոնիթորինգի վրա հիմնված վերլուծությունը ցույց է տալիս, որ շարունակում են օրակարգային ու հրատապ մնալ այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են` դատական անկախության բացակայությունը, խոշտանգումների և վատ վերաբերմունքի գործադրումը և քրեակատարողական հիմնարկների վատ պայմաններն ու գերբեռնվածությունը: 2010թ. վերջին և 2011թ. ընթացքում ազատ արձակվեցին 2008թ. մարտի իրադարձություններից հետո ազատությունից զրկված քաղաքական բանտարկյալները: Այդուհանդերձ, քաղաքական նկատառումներով իրականացվող հետապնդման առանձին դեպքեր դեռևս առկա են»,- ասված է ամփոփագրում:
«Խոշտանգումներ և վատ վերաբերմունք» բաժնում նշվում է, որ «Հայաստանում տեղի ունեցող խոշտանգումների մեծ մասը կատարվում է իրավապահ մարմինների պաշտոնյաների (սովորաբար` ոստիկանության ծառայողների) կողմից` ձերբակալման և հարցաքննության ընթացքում խոստովանություն կորզելու նպատակով: Գործնականում Հայաստանյան դատարանները սովորաբար ձեռնպահ են մնում նման վարույթի ընթացքում տեղ գտած խոշտանգումների և (կամ) վատ վերաբերմունքի վերաբերյալ գանգատներին ընթացք տալուց: Ոստիկանության կողմից դրսևորվող վատ վերաբերմունքի մասին հայտնելուց մարդիկ համատարած խուսափում են` վախենալով վրեժխնդրությունից, իսկ այն դեպքերում, երբ նման վերաբերմունքի մասին գանգատ ներկայացվում է` այդ կապակցությամբ խիստ հազվադեպ է արդյունավետ քննություն իրականացվում: Խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ գործերի փաստական հանգամանքները սովորաբար առավել մեծ հասարակական արձագանք են ստանում միայն իրավապաշտպանների և լայն հանրության շրջանում, այն էլ` այն դեպքերում, երբ դրանք հանգեցրել են տուժողի մահվան (օրինակ` Լևոն Գուլյանի և Վահան Խալաֆյանի դեպքերը)»:
«Քաղաքական բանտարկյալները» բաժնում նշվում է, որ «2008թ. մարտին կայացած նախագահական ընտրություններից հետո ընդդիմության ավելի քան հարյուր ներկայացուցիչներ ձերբակալվեցին ու նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին: Նրանցից շատերն ազատ արձակվեցին 2009թ. համաներման արդյունքում, իսկ մեկ տասնյակից ավելի քաղաքական բանտարկյալներ ազատ արձակվեցին վերջին երկու տարիների ընթացքում: Այդուհանդերձ, քաղաքական բնույթի հետապնդումները շարունակում են տեղի ունենալ: Այդ առումով հիշատակման արժանի է Տիգրան Առաքելյանի գործը. 2012թ. հուլիսի 20-ին Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ անդամներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվեցին ազատազրկման: Տիգրան Առաքելյանը 258 հոդվածի 3(1) մասով (Խուլիգանություն), 316 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) դատապարտվեց վեց տարի ժամկետով ազատազրկման: Մյուս անդամները դատապարտվեցին 2-ից 3 տարի ժամկետով ազատազրկման10»: «Այս ակտիվիստների դեմ գործը հարուցվել էր 2011թ. օգոստոսի 9-ին Երևանում` Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի մերձակայքում տեղի ունեցած դեպքից հետո, որի արդյունքում երկու կողմերը փոխադարձ վնասվածքներ էին պատճառել միմյանց: Ակտիվիստները բերման էին ենթարկվել ոստիկանություն, ընդ որում, համաձայն պնդումների, բերման ենթարկելուց հետո նրանք զրկված են եղել փաստաբանի ծառայությունից օգտվելու հնարավորությունից և ենթարկվել են դաժան ծեծի: Խոշտանգումների կապակցությամբ չորս ակտիվիստների բողոքների համակողմանի քննություն չի իրականացվել, և ոստիկանության որևէ ծառայող պատասխանատվության չի ենթարկվել: Ակտիվիստների վերաբերյալ գործը քննող դատարանը գտել էր, որ նրանց վնասվածքները կարող էին պատճառված լինել նրանց ձերբակալելիս օրենքով թույլատրելի սահմաններում օրինական ուժ գործադրելու արդյունքում: Դատարանն այս եզրակացությանը հանգել էր` անկախ այն հանգամանքից, որ առկա էր ցուցմունք այն մասին, որ ոստիկանության բաժանմունքի սենյակներից բարձր ձայներ ու բղավոցներ են լսվել, որոնք վկայել են, որ ակտիվիստներին ծեծում են: Տիգրան Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել առ այն, որ նա, ոստիկանական մեքենայով ոստիկանության բաժանմունք փոխադրվելիս կոտրել էր ոստիկանության ծառայողի քիթը: Առաքելյանի փաստաբանն ընդգծել էր, որ Առաքելյանը չէր կարող դիտավորությամբ կոտրել ոստիկանության ծառայողի քիթը. ավելի շուտ, ոստիկանն էր փորձել զսպել Առաքելյանի շարժումներն ու սեղմել էր նրա կոկորդը: Առաքելյանի փաստաբանը հայտնել էր, որ թեպետ չի բացառում, թե Առաքելյանը կարող էր այդ դիրքից ազատվելու համար կատարած պատահական շարժումով վնասած լինել ոստիկանին, սակայն հարվածելու դիտավորություն նա չի ունեցել: Այս ակտիվիստների դատավարության մոնիթորինգ իրականացնողները նշում են, որ դատարանն ամբողջ ժամանակ կողմնակալ վերաբերմունք է դրսևորել, իսկ դատավորը հակված է եղել կողմերի հանդեպ կամայական մոտեցում ցուցաբերելու` խախտելով ներպետական և միջազգային օրենսդրությամբ ամրագրված՝ կողմերի հավասարության սկզբունքը: Ավելին, դատավորն անմիջապես` առանց հաստատող ապացույցներ պահանջելու, ընդունել էր ոստիկանությունը ներկայացնող վկաների ցուցմունքները, և վերջնական դատավճիռը կայացնելիս մեծապես հիմնվել էր ոստիկանների ցուցմունքների վրա»,- նշվում է ամփոփագրում:
«2008թ. մարտի 1-ի իրադարձությունների քննությունը» բաժնում նշվում է, որ «2008թ. փետրվարին կայացած նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերից հետո` 2008թ. մարտի 1-ին, իրավապահ մարմինների կողմից ուժի չափից ավելի գործադրումը հանգեցրել էր ոստիկանության և ընդդիմության ակտիվիստների միջև բազմաթիվ բախումների: Այդ հուզումների արդյունքում 10 մարդ էր սպանվել, 200-ը վիրավորվել: Մահվան այդ 10 դեպքերի, այդ թվում` հրազենային վերքերի և մարմնական վնասվածքների հանգամանքները մինչ օրս պարզված չեն: Հարուցվել են քրեական գործեր, որոնք ո՛չ կասեցվել են, ո՛չ կարճվել, որևէ առաջընթաց այդ հարցում չկա, իսկ տուժողները մինչ օրս հատուցում չեն ստացել: 2011թ. ապրիլի 20-ին Սերժ Սարգսյանն ընդգծեց 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քննություն իրականացնելու կարևորությունը: FIDH-ը և ՔՀԻ-ն ողջունեցին այդ հանգամանքը` որպես դրական նշան: Սակայն նախագահ Սարգսյանի հայտարարությանը չհաջորդեցին այս ուղղությամբ որոշակի քայլեր: Մեր կազմակերպությունները նշում են, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից տուժածների հարազատները դեռևս պատշաճ հատուցում չեն ստացել, ինչին նրանք սպասում են 2008 թվականից ի վեր»:
«Դատական համակարգի անկախությունը» բաժնում նշվում է, որ «Հայաստանում անկախ դատաքննության հիմնական թերություններից մեկը՝ անկախ դատական համակարգի բացակայությունն է»: «Մեր կազմակերպությունները խորապես մտահոգված են Հայաստանում իրավապահ մարմինների կողմից կամ վերջիններիս հովանու ներքո կատարված անցագործությունների անպատժելիության` առաջին հայացքից ավելի ու ավելի տարածվող մշակույթի կապակցությամբ: Մենք անհանգստացած ենք նաև երկրում արդարադատություն իրականացնելու այլ հարցերի առնչությամբ առկա առաջընթացի դանդաղությամբ: Ուստի, FIDH-ը, ՔՀԻ-ը և Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն հայաստանյան իշխանություններին կոչ են անում միջոցներ ձեռնարկել` արմատավորված այս գործելակերպը շտկելու և Եվրոպայի խորհրդի ու Միավորված ազգերի կազմակերպության հանձնարարականներն անհապաղ իրականացնելու ուղղությամբ: Հայաստանյան իշխանությունները պետք է վերանայեն ներպետական օրենսդրությունը` բարեփոխելով Հայաստանի նյութական և դատավարական քրեական օրենսդրությունը և այլ գործողություններ ձեռնարկեն` օրենքն ու պրակտիկան միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ամուր քաղաքական կամք դրսևորել` այս ոլորտում կատարվող բոլոր չարաշահումների համար պատժելու հարցում` վերջ դնելով իրավունքների ոտնահարման դեպքում անպատժելիությանը»,- նշված է ամփոփագրում:
Ամփոփագրում նաեւ որոշ առաջարկություններ են ներկայացված ՀՀ իշխանություններին: Դրանք մասնակից կրճատումներով ներկայացնում ենք ստորեւ.
«Ստորև շարադրված են առաջարկություններ, որոնք մշակվել են սույն ամփոփագրում արծարծված խնդիրների լուծմանն անդրադառնալու նպատակով:
Խոշտանգումներ և վատ վերաբերմունք
ա. Խոշտանգումների և վատ վերաբերմունքի դրսևորումները պատշաճ կանխարգելելու համար անհրաժեշտ է համապետական նշանակության քայլեր ձեռնարկել` խոշտանգումները քրեականացնելու և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում դրա սահմանումը Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիային համապատասխանեցնելու ուղղությամբ.
բ. Խոշտանգումների, վատ վերաբերմունքի և ազատազրկման ընթացքում տեղի ունեցած մահվան բոլոր դեպքերի կապակցությամբ իրականացնել արագ, մանրակրկիտ և անկողմնակալ քննություն և մեղավորներին կանգնեցնել արդարադատության առջև: Նման քննությունների և քրեական հետապնդման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները պետք է հասանելի լինեն հանրության համար.
գ. Խոշտանգումներից տուժածները պետք է արդարացի փոխհատուցում ստանան.
դ. Ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա դատական որոշումներ կայացնելու պրակտիկան պետք է վերացվի, իսկ իշխանության մարմինները պետք է ապահովեն, որպեսզի խոշտանգումների և վատ վերաբերմունքի միջոցով կորզված ցուցմունքները վարույթի ընթացքում հիմք չընդունվեն.
ե. Հարկավոր է ապահովել բողոքարկման ներքին ու արտաքին արդյունավետ մեխանիզմների գործարկումը, այդ թվում` այդ բողոքների գաղտնիությունը, հատկապես` խոշտանգումների և վատ վերաբերմունքի պարագայում. 15
զ. Անհրաժեշտ է կառուցվածքային բարեփոխումներ իրականացնել` ապահովելու համար, որպեսզի խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին բոլոր բողոքները ներկայացվեն Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) և պատշաճ կերպով քննվեն վերջինիս կողմից.
է. ՀՔԾ կողմից կատարվող քննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները պետք է չլինեն նույն դատախազները, ովքեր հսկողություն են իրականացնում ոստիկանության կողմից կատարվող քննության օրինականության նկատմամբ.
ը. Հարկավոր է նաև ապահովել, որպեսզի գործով իրականացվող քննության նկատմամբ հսկողություն իրականացնող և այդ գործերով դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազները տարբեր լինեն.
թ. Անհրաժեշտ է նաև փոփոխել ՀՀ օրենսդրությունը` իրավական երաշխիքները de jure տրամադրելու, սակայն de facto այդ երաշխիքների իրականացմանը խոչընդոտելու դեպքերը կանխելու նպատակով. այդ փոփոխությունները պետք է գործնականում ապահովեն, որպեսզի բոլոր ձերբակալվածներն ու կալանավորվածները, ազատությունից փաստացի զրկվելու պահից ստանան բոլոր իրավական երաշխիքները: Այս երաշխիքները ներառում են ազատությունից զրկվելու սկզբից ևեթ փաստաբանի ծառայության հասանելիությունը, ձերբակալման մասին ազգականին ծանուցելը, իրավունքների մասին տեղեկացնելը և բուժզննությունը.
ժ. Հարկավոր է միջոցներ ձեռնարկել մինչդատական վարույթի սկզբից ևեթ փաստաբանների ներգրավումն ապահովելու ուղղությամբ.
ի. Քրեական դատավարության օրենսգիրքը պետք է վերանայվի` սահմանելով, որ փաստաբանի բացակայությամբ անձի հարցաքննության ցանկացած դեպքում, եթե անգամ նա հրաժարվել է փաստաբանի ներկայության իրավունքից, գրավոր ցուցմունքը չի կարող հիմք ընդունվել, քանի դեռ հարցաքննված անձը դատարանի առջև չի հաստատել իր ցուցմունքի իսկությունը.
լ. Պետք է օրենսդրական փոփոխություններ կատարվեն` բացառելու համար կասկածելի ապացույցների կիրառումն այն դեպքերում, երբ դատավորը հիմնավոր կասկածներ ունի այդ ապացույցները ձեռք բերելու ուղիների օրինականության վերաբերյալ.
խ. Պետք է ապահովվի, որպեսզի ձերբակալված և կալանավորված անձինք բժշկի կողմից զննություն անցնելու գործնական հնարավորություն ունենան` ոստիկանության և քրեակատարողական հիմնարկների անձնակազմի ներկայությունը բացառող պայմաններում, ինչպես սահմանված է ներպետական օրենսդրությամբ.
ծ. Փաստաբանները պետք է կարողանան անհապաղ ստանալ ձերբակալված անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերը և եզրակացությունները.
կ. Հնարավորություններ ստեղծել անկախ բժիշկների համար, որպեսզի նրանք դատաբժշկական փորձաքննության որակավորում ստանան, իսկ կալանավորվածներին հնարավորություն ընձեռել առանց քննիչի, դատախազի կամ դատավորի նախնական թույլտվության զննվելու դատաբժշկական փորձաքննության պաշտոնական որակավորում ունեցող անկախ բժշկի կողմից.
հ. Երաշխավորել, որպեսզի Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերի մոնիթորինգի խումբն անարգել մուտք ունենա ոստիկանության բաժանմունքներ, որտեղ էլ հիմնականում տեղի են ունենում խոշտանգումները. 16
ձ. Ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը` կալանավորման պայմանները բարելավելու ուղղությամբ` դրանք ներպետական օրենսդրությանը և միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով:
Քաղաքական բանտարկյալներ
Դադարեցնել քաղաքական հետապնդումների բոլոր դրսևորումները և վերանայել «Տիգրան Առաքելյանը և այլոք» գործը` արդար դատաքննության ներկայիս ստանդարտների լույսի ներքո:
2008թ. մարտի իրադարձությունների քննությունը
ա. Ապահովել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների անկախ և մանրակրկիտ քննությունը, մասնավորապես` մարտի 1-ին տեղի ունեցած մահվան դեպքերի մասով.
բ. Տրամադրել պատշաճ հատուցում 2008թ. մարտի 1-ի տասը զոհերի հարազատներին»։
Ամփոփագիրն ամբողջությամբ տեսեք այստեղ:
‘