‘Fitch-ն անփոփոխ է թողել Հայաստանի վարկանիշը` «BB-» կայուն մակարդակում’

647

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հրապարակել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշային իր կանխատեսումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով գործակալության պաշտոնական կայքը, Հայաստանի տնտեսության երկարաժամկետ կանխատեսումը մնացել է անփոփոխ` «BB-» կայուն մակարդակում` հաշվարկված արտարժույթով և տեղական արժույթով: Միաժամանակ, երկրի՝ թողարկողի դեֆոլտի վարկանիշի կարճաժամկետ կանխատեսումն արտարժույթով «B» մակարդակում է, իսկ առաստաղը` «BB» մակարդակում:

Ըստ Fitch-ի գնահատման` սպասվածից բարձր հարկային եկամուտների և օտարերկրյա խոշոր ֆինանսավում ունեցող ծրագրերի շնորհիվ հարկաբյուջետային պակասուրդն անփոփոխ է մնացել նախորդ տարվա ցուցանիշից: 2013-ին այն կազմել է ՀՆԱ-ի մոտ 1.6 տոկոսը` բյուջեի մասին օրենքով նախատեսված 2.6 տոկոսի համեմատ: Ամենայն հավանականությամբ, բավականին նպաստավոր դիրքում կշարունակի մնալ պարտքի դինամիկան: Ակնկալվում է, որ ՀՆԱ/պարտք հարաբերակցությունը փոքր-ինչ անկում կապրի 2014-ին և ընդհանուր առմամբ այդուհետ կմնա կայուն: «Քանի որ Հայաստանի պետական պարտքի 84 տոկոսն արտարժույթով է, այն խոցելի է փոխարժեքի ցնցումների նկատմամբ: Իրականացվող կենսաթոշակային բարեփոխումը կօգնի զարգացնել ներքին ֆինանսական շուկան, թեև դրա համար ժամանակ կպահանջվի»,- նշվում է զեկույցում:

Հանրային ներդրումների կրճատման, աղքատ գյուղատնտեսական սեզոնի և գազի գնի աճով պայմանավորված` անցնող տարում ՀՆԱ-ն նվազել է 3 տոկոսով: 2014 թ. ՀՆԱ-ի աճը, Fitch-ի կանխատեսմամբ, կկազմի 4 տոկոս, իսկ երկարաժամկետ հեռանկարում` 5 տոկոս: Եկամուտների և տրանսֆերտների զգալի աճի շնորհիվ ընթացիկ հաշվի դեֆիցիտը նվազել է հասնելով` ՀՆԱ-ի`  դեռևս բարձր համարվող 8,2 տոկոս ցուցանիշին: Սակայն ակնկալվում է աստիճանական նվազում: Նշվում է, որ դեֆիցիտի նվազումը եւ Հայաստանի կողմից առաջին եվրապարտատոմսերի թողարկումն նպաստել են արտարժութային պահուստների համեստ աճին:

Կայուն հեռանկարը պայմանավորված է նրանով, որ, ըստ Fitch-ի, վարկանիշների վերընթաց և վարընթաց ռիսկերը լավ բալանսավորված են: Վարկանիշի բարելավմանը նպաստող գործոններ կարող են լինել` ընթացիկ հաշվի դեֆիցիտի բարելավումը և ամուր պահուստային դիրքը, Fitch-ի սահմանային գծից ավելի արագ տեմպերով պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության կրճատումը, կայուն և ցածր բյուջետային դեֆիցիտը:

Նախորդ հոդվածը‘Փետրվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց «Տեառնընդառաջի» տոնը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշարում Արոնյանի առաջին մրցակիցը կլինի Անանդը’