‘FourFourTwo. Ինչպես Տուխելը բացահայտեց Օբամեյանգի ու Մխիթարյանի լավագույն կողմերը’

1164

FourFourTwo-ի սյունակագիր Քրիս Ֆլանագանը, վերլուծելով ԵԼ-ի քառորդ եզրափակչի կայանալիք հանդիպումը «Բորուսիա» – «Տոտենհեմ» թիմերի միջև, անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի և Պիեր-Էմերիկ Օբամեյանգի առաջընթացին նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի օրոք:

««Դորտմունդի» ծաղկման պատճառներից մեկը Օբամեյանգ-Ռոյս-Մխիթարյան հարձակվողական եռյակն է: Ճիշտ է, նրանք թիմ են եկել Կլոպի օրոք, բայց Տուխելի ղեկավարությամբ են Օբամեյանգն ու Մխիթարյանն անցկացնում իրենց լավագույն մրցաշրջանը:

Իր առաջին տարում Օբամեյանգը մրցակցի դարպասն էր ուղարկել 14 գոլ, անցյալ մրցաշրջանում՝ 24, բայց այս տարի նա լրիվ նոր մակարդակի է հասել՝ արդեն իսկ իր հաշվին գրանցելով 32 գոլ:

Տուխելը չի ընդունում, թե ինքն է օգնել Օբամեյանգին հասնելու իր լավագույն մարզավիճակին, բայց փաստն այն է, որ Գաբոնի հավաքականի ֆուտբոլիստը բարգավաճել է նոր մարզչի թիմում: Այս օրերին գրեթե խաղ չի անցնում առանց նրա գոլի: Այսպիսի տեմպի դեպքում Օբամեյանգը լուրջ վտանգ է «Տոտենհեմի» համար:

Տուխելն ի հայտ բերեց նաև Մխիթարյանի լավագույն որակները: Երեք տարի առաջ «Լիվերպուլը» զիջեց «Բորուսիային» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հարցում: 27-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ 27.5 մլն. եվրո տրանսֆերային գումարը ճնշել է իրեն ժամանակին, բայց այս տարի նա նույնպես ծաղկունք է ապրել:

Մխիթարյանի խաղը շատ ավելին է, քան պարզապես գոլեր խփելը, բայց նույնիսկ գոլային վիճակագրությունը ցույց է տալիս, թե որքան է նա աճել Տուխելի օրոք: Անցյալ մրցաշրջանում՝5 գոլ, այս մեկում՝ արդեն 14 գոլ»:

Նախորդ հոդվածը‘Ջերարդ. «Կցանկանայի դառնալ «Լիվերպուլի» մարզիչը»’
Հաջորդ հոդվածը‘Transfermarkt.tv. «Բորուսիա»-ն պետք է պայքարի Մխիթարյանի համար ‘