‘«Freedom House». Հայաստանի լրատվամիջոցները դեռ անազատ են’

1244

‘

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհի երկրների՝ լրատվամիջոցների ազատության վարկանիշը։ Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանը 135-րդ տեղում է գտնվում՝ հենց մասամբ ազատ և անազատ մամուլի սահմանագծում: Հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ Freedom House-ի հրապարակած զեկույցի, Հայաստանի լրատվամիջոցներն ավելի ազատ են, քան Թուրքիայի կամ Մեքսիկայի, և անհամեմատ ավելի ազատ են, քան Ադրբեջանի կամ Ռուսաստանի լրատվամիջոցները:

Աշխարհում ամենաազատ լրատվամիջոցները Նորվեգիայում ու Շվեդիայում են, իսկ ամենաանազատ վիճակում են գտնվում Ուզբեկստանի ու Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները:

Freedom House-ի ներկայացուցիչ Էլեն Աղեկյանի խոսքով, Հայաստանը մասամբ ազատ ու անազատ մամուլի սահմանագծում է հիմնականում ավանդական խնդիրների պատճառով, այդ թվում՝ հասարակական անձանց կողմից թշնամանքը լրագրողների նկատմամբ և անկախ ձայների չափազանց սահմանափակ թիվը տպագիր, ռադիո- և հեռուստատեսային լրատվամիջոցներում:

Միևնույն ժամանակ, ըստ Աղեկյանի, տեխնոլոգիաների զարգացումը դրական է ազդել Հայաստանում լրատվամիջոցների ազատության վրա։ «Հայաստանում կարևոր և դրական փոփոխություններ են նկատվել՝ հայտնվել են բազմաթիվ ազատ ինտերնետային լրատվամիջոցներ, որտեղ տեղափոխվել են ավանդական լրատվամիջոցներից ազատված լրագրողներ», — ասաց Freedom House-ի ներկայացուցիչը։

Անդրադառնալով Ադրբեջանին` Աղեկյանը նշեց, որ այնտեղ իրավիճակի կայուն վատթարացում է նկատվում. — «Տարածաշրջանում ամենալուրջ խնդիրներն առկա են Ադրբեջանում, որտեղ փակվել են լրատվամիջոցներ, սահմանափակվել է ազատ արտահայտվելու իրավունքը, ձերբակալվել են լրագրողներ, փակվել է նաև «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ փորձագետի, այն կարող է երկընտրանքի առջև հայտնվել։ «Եվրասիական միության անդամ դառնալուց հետո Հայաստանն իր վրա Ռուսաստանի ուժգնացող ազդեցությունն է զգում, և դեռ պարզ չէ, թե Հայաստանում իրադարձությունները ո՞ր ուղղությամբ կզարգանան», — ասաց Աղեկյանը։

‘

Նախորդ հոդվածը‘Բնապահպաններն ահազանգում են. ՓՀԷԿ-ի կառուցումը բնության վրա բացասական հետեւանքներ կթողնի ‘
Հաջորդ հոդվածը‘Ուսուպաշվիլի. Վրաստանի վարչապետը երկու շաբաթում պետք է նոր նախարարներ ընտրի’