‘Freedom House. Հայաստանը նահանջել է ինտերնետի ազատության հարցում’

3094

Հայաստանը 2 միավորի նահանջ է արձանագրել համացանցի ազատության ցուցանիշում, նշում է Freedom House կազմակերպության պատրաստած «Համացանցի ազատություն 2017» զեկույցը, որը դիտարկել է 2016 թվականի հունիսից 2017 թվականի մայիս ընկած ժամանակահատվածը: Հետընթացի արդյունքում Հայաստանը 32 միավորով ստացել է «մասնակի ազատ» գնահատականը: Նախկին զեկույցի արդյունքներով, երկիրը 30 միավորով դասվել էր «ազատ» երկրների շարքին:

Զեկույցի համաձայն, Հայաստանի իշխանություններն ընդհանուր առմամբ չեն խոչընդոտում օգտատերերի կողմից համացանցի օգտագործմանը: Այն դրական է գնահատում երկրում համացանցի տարածումը, համացանցի ենթակառուցվածքների զարգացումը և հասարակության ավելի լայն շերտերի ընդգրկումը համացանցի օգտագործման հարցում:

Հետընթացի գրանցման հիմնական պատճառները, սակայն, 2016-2017 թվականների ընթացքում քաղաքական ճգնաժամերի ու խորհրդարանական ընտրությունների օրերին համացանցի, սոցիալական կայքերի արգելափակման և դրանց միջոցով ընտրության օրերին ապատեղեկատվության տարածման դեպքերը: Բացի այդ, կազմակերպության զեկույցը մատնանշում է ընտրության օրերին ուղիղ եթեր իրականացնող լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերը:

Զեկույցում ընդգրկված նախկին խորհրդային երկրներից առաջին տեղում են 24 միավորով Վրաստանը և 6 միավորով՝ Էստոնիան, որոնք համացանցի ազատության առումով դասվում են ազատ երկրների շարքին: Հայաստանի հետ մեկտեղ մասամբ ազատ երկրների շարքին են դասվել նաև Ուկրաինան, Ադրբեջանը և Ղրղըզստանը: Ոչ ազատ նախկին խորհրդային երկրներից են Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը:

Հայաստանի մյուս երկու հարևան երկրները՝ Թուրքիան և Իրանը ևս «ոչ ազատ» երկրների շարքում են:

Ըստ զեկույցի, արդեն 7-րդ տարին է, որ ամբողջ աշխարհում գրանցվում է համացանցի ազատության հետընթաց, որը ուղղորդվում է մարդու իրավունքների խախտումներով, բռնության դեպքերի և շարժական ինտերնետային ծառայության միտումնավոր խաթարման դեպքերի աճով:

 

Նախորդ հոդվածը‘Նորածնին սպանած մայրը ստորագրությամբ ազատվել է կալանքից’
Հաջորդ հոդվածը‘Հարձակում Կալիֆորնիայում. 4 զոհ’