‘Freedom House. Հայաստանը շարունակում է մնալ մասամբ ազատ երկիր’

1098

Freedim House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է հերթական տարեկան զեկույցը: Հայաստանը, ինչպես նախկինում, տեղ է գտել մասամբ ազատ երկրների շարքում` քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների 10 բալանոց սանդղակում հավաքելով համապատասխանաբար 5 եւ 4 միավոր:

«Եվրասիական զարգացումները 2013-ին ապացուցեցին, որ համաշխարհային գործերում էներգետիկ հարստություններին տիրապետող երկրների համար գոյություն ունեն մեկ, իսկ մնացած բոլորի համար` այլ` ավելի խիստ ստանդարտներ»,- ասվում է զեկույցում: 

Համաձայն դրա, անցած տարվա ընթացքում ժողովրդավարական ազատությունների առումով հետընթաց են գրանցել Ռուսատանը, Ադրբեջանը եւ Ղազախստանը. երկրներ, որոնք նավթագազային հարստություններ ունեն, հետեւաբար` զգալիորեն զերծ են մնացել դեմոկրատական հանրության կողմից քննադատություններից:

Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ Ռուսաստանն այժմ սպասում է Սոչիի ձմեռային Օլիմպիադային, իսկ Ղազախստանն ու Ադրբեջանը մի շարք այլ միջազգային, մշակութային եւ սպորտային իրադարձություններ են ընդունել:

«Տարեցտարի ժողովրդավարական ազատությունների դեմ ոտնձգությունները եվրասիական տարածաշրջանում բերել են մի վիճակի, երբ քաղաքական ազատությունների մակարդակն այստեղ ավելի ցածր է, քան ցանկացած այլ տարածաշրջանում, այս պահին` անգամ ավելի ցածր, քան Մերձավոր Արեւելքում», — նշում են զեկույցի հեղինակները` ընդգծելով, որ եվրասիական երեք պետություններ` Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Բելառուսը տեղ են գտել Freedom House-ի` ամենաբռնատիրական երկրների ցանկում:

Freedom House-ի փորձագետներն արձանագրել են նաեւ, որ 2013-ի ընթացքում Ռուսաստանը ճնշումների, հատկապես` առեւտրային սահմանափակումների սպառնալիքի միջոցով փորձում էր ստիպել հարեւան մի քանի երկրերի հրաժարվել Եվրամիության հետ ասոցացման գործընթացից:

«Սպառնալիքները եւ կասկածելի առավելությունների խոստումները բավական էին, որպեսզի հնարավոր լինի համոզել Հայաստանի իշխանություններին` հրաժարվել ԵՄ հետ առավել սերտ ինտեգրացումից եւ անդամակցել Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը», — ասվում է զեկույցում:

Ուկրաինայի դեպքում Ռուսաստանն առաջին անգամ սպառնաց տնտեսական վրեժխնդրությամբ, այնուհետեւ առաջարկեց ամենակարեւորը` խոշոր պարտք եւ էներգակիրներ: Գործարքի արդյունքում նախագահ Յանուկովիչը հրաժարվեց ստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, ինչը առաջացրեց ուկրաինական հասարակության զգալի մասի կարծր հակազդեցությունը:

Վրաստանը եւ Մոլդովան, որոնք, ըստ իրավապաշտպան կազմակերպության,  կարող են պարծենալ Եվրասիայի եւ աշխարհի մասշտաբով ազատությունների ոլորտում գրանցած հաջողություններով, նախաստորագրեցին ԵՄ հետ ասոցացման համաձայնագրերը:

Զեկույցի հեղինակները նշում են նաեւ, որ Վրաստանում կայացած նախագահական ընտրությունները հոկտեմբերին եւս մեկ անգամ ժողովրդավարական առաջընթաց գրանցեցին:

Ադրբեջանը, ընդհակառակը, վատթարացրել է իր դիրքերը` իշխանությունների կողմից սեփականության իրավունքի ոտնահարման ավելացած դեպքերի պատճառով: Այդ միջոցով հարեւան երկրի իշխանությունները նաեւ հաշվեհարդար էին տեսնում քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր ուժերի հետ նախագահական ընտրությունների շրջանում: 

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, որը տեղ է գտել «վիճելի տարածքներ» բաժնում, ինչպես նախորդ տարի, նշվել է որպես մասամբ ազատ երկիր, որտեղ նախորդ տարվա համեմատ որեւէ զգալի տեղաշարժ չի արձանագրվել: Հիշեցնենք, որ դրանից էլ մեկ տարի առաջ Ղարաբաղը՝ ԱԺ ընտրությունների արդյունքներով հայտնվել էր ոչ ազատ երկրների շարքում, եւ միայն նախագահական մրցակցային ընտրությունները հետ բերեցին Ղարաբաղը մասամբ ազատ երկրների ցանկ:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանը եւ Բուլղարիան արցախյան պատերազմի մասին ֆիլմ կնկարեն’
Հաջորդ հոդվածը‘Վերաքննիչ դատարանը մերժեց Շանթ Հարությունյանի բողոքը’