‘
Ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Հովհաննիսյանը գրում է.
«Երեկվա հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի ելույթն ընդհանրապես ուշադրության չէի արժանացնի, եթե այն լի չլիներ փաստական խեղաթյուրումներով: Քանի որ շատերը չեն խորանում իրադարձությունների հաջորդականության և արտահայտված դիրքորոշումների նրբերանգների մեջ, միշտ էլ հնարավոր է դառնում մարդկանց մանիպուլացնել և սուտը ճշմարտության տեղ անցկացնել:
Եվ այսպես՝
1. « … Այս է պատճառը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մերժել է սահմանադրական փոփոխությունները քննարկելու Սերժ Սարգսյանի հրավերը»:
Ճիշտ է՝ մերժել է հրավերը: Բայց հեռու քաշվելով Սահմանադրության փոփոխության դեմ պայքարից՝ այն համարելով կեղծ օրակարգ, ու ժողովրդին էլ ըստ էության կոչ անելով չպայքարել, փաստացի ծառայություն է մատուցել Սերժ Սարգսյանին: Լծվեիք այդ պայքարին, Սերժ Սարգսյանի գործը կբարդանար ճիշտ այնքան, ինչքան քաղաքական քաշ ուներ Նիկոլ Փաշինյանն ու իր պայմանագիրը: Իսկ քանի որ ըստ իրենց, իրենք լուրջ քաշ ունեն, ուրեմն ավելի մեծ հանցանք են գործել այս ժողովրդի նկատմամբ, քանզի կարող էին հաղթանակի նժարը թեքել ժողովրդի կողմը: Կամ էլ եթե նույնիսկ ուներ զրո աջակցություն և միայն իր ձայնն էր, որ կարող էր ներդնել, ուրեմն ինքն իր կարգախոսին հակառակ է գնացել։ Չէ՞ որ ինքն էր ասում՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես:
2. «…Այս է պատճառը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնարավորինս հեռու է մնացել 4+4+4 ձեւաչափի մարիոնետային բանակցություններից, որովհետեւ բանակցողներն իրականում նրանք չէին, որ նստում էին տեսախցիկների առաջ, եւ բանակցությունների ամենակարեւոր նյութն էլ ամենեւին Ընտրական օրենսգիրքը չէր»:
Սա դասական դավադրական տեսություն է, որով հիմա փորձում է թաքցնել իր զրոյական ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա:
3. «… Այս է պատճառը, որ մենք խստորեն քննադատել ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հուլիսի 22-ի խայտառակ հայտարարությունը»:
Քննադատելը մի բան է, զրպարտելն ու ստելը՝ բոլորովին այլ բան։ Տեր-Պետրոսյանը 88-ից սկսած՝ անկախ նրանից իշխանություն է, թե ընդդիմություն, հավատարիմ է եղել այն սկզբունքին, որ Ղարաբաղի հարցում որևէ վտանգի դեպքում պետք է ներքին հակասությունները թողնել մի կողմ և աջակցել ազգային համախմբմանը։
Կարող եք կարդալ Տեր-Պետրոսյանի ելույթները, կարող եք հիշել նրա արած քայլերը: Տեր-Պետրոսյանի հետևողականությունն այս հարցում ներկայացնել որպես Սերժ Սարգսյանի հետ ձեռք-ձեռքի տված Լավրովի պլանի իրականացում՝ բացահայտ անբարոյականություն է:
4. «…Այս է պատճառը, որ խստորեն քննադատել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, ինչպես իրենք են ասում, թեկուզ պայմանականորեն, թեկուզ ժամանակավորապես հրաժարվելու «Հիմնադիր խորհրդարանի» եւ «Սասնա ծռեր» խմբի քաղաքական ղեկավարության գործելակերպը»:
ՍՈՒՏ Է: Նիկոլ Փաշինյանը չի հեռացել Խորենացի փողոցից: Նրան երկու անգամ վռնդել են: Առաջին անգամից հետո Նիկոլ Փաշինյանը որպես պատճառ ՉԻ ԲԵՐԵԼ այն, որ Ծռերը հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, այլ նշել է, որ Խորենացիում հայտնվում են «կասկածելի էլեմենտներ»: Հետո բազմահազար հեռուստադիտողների խնդրանքով (որոնց մենակ Նիկոլը գիտի) հետ է գնացել Խորենացի: Ու նորից վռնդվել է «Ծռերի» կողմից, քանի որ «ձեռքերն է տաքացնում ժողովրդի արյան վրա»: Եվ միայն հետին թվով հորինել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից «Սասնա Ծռերի» հրաժարվելը որպես պատճառ:
5. «…Այս մեխանիզմի կարեւորագույն բաղադրիչներից մեկը, ուրեմն, 6000 վստահված անձ նախագիծն է»:
Հանրահավաքում երևաց, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ դեռ 600 վստահված անձ չի կարողացել հավաքել:
6. «Մենք ասել ենք ու ասում ենք՝ Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն … Եթե ընդդիմությունը մեկը չէ, ուրեմն՝ իշխանափոխության հույսերը սին են, որովհետև իշխանությունը մեկն է և կոնկրետ, նրա դեմ կռիվ կարող է տալ այն ընդդիմությունը, որ նույնքան կոնկրետ է, նույնքան ինստիտուցիոնալ և նույնքան մոբիլ»։
Մեկ ընդդիմության թեզը քաղաքական անգրագիտության դասական նմուշ է: Բայց սա առանձին ու մանրամասն անդրադարձի կարիք ունի: Միայն նշեմ, որ պատմության մեջ հաջողված իշխանափոխության դեպքերը հիմնված են եղել հասարակության բոլոր շերտերի և քաղաքական տարբեր ուժերի համախմբման և ոչ թե ընդամենը մեկ ուժի գործողությունների վրա։ Այդպես է եղել 88թ.-ին Հայաստանում, 2003թ.-ին հարևան Վրաստանում և բազմաթիվ այլ երկներում։
7. «Բայց մյուս կողմից, եթե դաշտում կան քաղաքական ուժեր, խմբեր որոնց հետ մենք ունենք ռազմավարական եւ մարտավարական հեռանկարի, սկզբունքների, համոզմունքների եւ տեսլականի ընդհանրություններ, մենք նրանց հետ պիտի քննարկենք ոչ թե իրենց դարն ապրած նախընտրական եւ հետեւաբար ժամանակավոր դաշինքներ կազմելու, այլ մեկ ընդհանուր քաղաքական ուժ դառնալու, մեկ կուսակցություն դառնալու հեռանկարը: Համագործակցության այլ ֆորմատ մեզ համար առնվազն դժվար պատկերացնելի է»:
Այս պնդումը սպառնում է ոչ միայն մարդկային բանականությանը, այլ մարդկության 5000 տարվա քաղաքական, նույնիսկ կենցաղային փորձին: Որովհետև կյանքի բոլոր ոլորտներում դաշինքներն ու կոնկրետ հարցերում երկու և ավելի սուբյեկտների համագործակցությունը՝ կյանքի, պետության, քաղաքականության, պատերազմի կամ բիզնեսի, անբաժանելի մասն են:
8. «Մեկ ընդդիմությունը քաղաքացուն կոչ է անում ոչ թե հավատալ եւ վստահել, այլ հասկանալ եւ գնահատել»:
Իրականում հակառակն է. Նիկոլը վերլուծելու, հարցեր տալու, կասկածի տակ առնելու, հավասարը հավասարին հարաբերությունների ու փոխադարձ հարգանքի թշնամին է: Ժամանակը կհամոզի նրանց, ովքեր դեռ խաբվում են նրա ակցիոնիզմին ու պոպուլիզմին։ Իսկ նրա հիմնական զենքը խոսքի մանիպուլյացիան է. Այսօր ասել մի բան, վաղը դրա հակառակը՝ երեկվանը ոչ միայն չհիշելով, այլև դրան հիշողին չարամտության մեջ մեղադրելով:
9. «Որպես վարչապետի թեկնածու պետք է բանակցեմ կոնկրետ անձանց հետ, նրանց առաջարկելով ընդգրկվել ստվերային կառավարության կազմում, եւ այդ անձանց մի մասը կարող է եւ չլինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ»:
Այսինքն, արդեն իսկ հավասար դիրքերից բանակցություններ հնարավոր չեն: Նիկոլն արդեն վարչապետն է: Որևէ քաղաքական ուժ, որ նույնպես ցանկանում է երկրում բան փոխել, արդեն պետք է բանակցի, ասենք՝ էներգետիկայի, մշակույթի կամ այլ նախարարի պաշտոնի համար: Եթե Նիկոլը համարում է, որ կուսակցությունների հետ բանակցելու բան չկա, այլ միայն առանձին անհատների հետ, ո՞րն է իմաստը իրեն շեփորահարելու որպես վարչապետի թեկնածու: Գնա մարդու հետ նստիր, խոսիր, հետը պայմանավորվիր, բեր քո ցուցակ: Führer-իզմն էլ պոզով-պոչով է լինու՞մ:
10. «Ոչ բռնի, ֆիզիկական ագրեսիվության նշույլ անգամ չպարունակող քաղաքական պայքար է լինելու սա, եւ համոզված եմ, որ սա է մեր պայքարի հաջողության հնարավորությունը մեծացնող կարեւորագույն գործոններից մեկը»:
Եթե դուք ոչ բռնի պայքարի կողմնակից եք, ինչո՞ւ էիք մեջտեղ ընկել ու փորձում ձեզնով անել բռնի մեթոդով պայքարի ելած մարդկանց հետևում հավաքված ժողովրդին (մի կողմ թողնենք Ծռերի գործունեության ճիշտ կամ սխալ լինելը: Փաստն այն էր, որ մարդիկ զինված ապստամբություն էին հայտարարել ու սկսել)։ Բա հիմա ո՞նց եք ասում զրո ֆիզիկական ագրեսիվություն: Ընդամենը ամիսուկես առաջ պատրաստ էիք ֆիզիկական ագրեսիվության գնով հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին: Էդ ի՞նչ փոխվեց: Էդ ի՞նչ արագ եք գունափոխվում:
Եվ վերջապես.
11. «Մենք այն կարծիքին ենք, որ միջոցները խոսում են նպատակների մասին»: — Սա բացարձակ ճշմարտություն է: Փաշինյանի ելույթի պսակը: Պրոբլեմը միայն այն է, որ այս միտքը խոսում է Նիկոլ Փաշինյանի դեմ, մատնում նրա իրական նպատակները: Նրա միջոցներն են՝ մանիպուլյատիվ խոսքը, ստի ու ճշմարտության սահմանի լղոզումը, անձնականը՝ ազգայինի քողի տակ սղղացնելը: Ու սրա վառ ապացույցը Նիկոլ Փաշինյանի հասարակական քաղաքական գործունեությունն է: Ժամանակագրորեն իրար կողքի դրեք նրա ելույթներն ու հոդվածները ու կտեսնեք ոչ միայն հակասություններ, այլև բևեռային տարբերություններ, արժեքային տեկտոնիկ վայրիվերումներ: Մեկ կարող է ժողովրդին համոզել իշխանություն-ընդդիմություն երկխոսության ճշմարտացիության մեջ՝ դրա հակառակորդներին հայտարարելով դավաճան, հետո դավաճան հայտարարել երկխոսության մեջ մտածներին: Մեկ կարող է ասել, որ իր համակիրը կարող է լինել մի մարդ, որը ընդունում է «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի դրույթները, հետո հայտարարել, որ որևէ փոխզիջման մասին խոսելը կապիտուլյացիա է: Մեկ կարող է հայտարարել, որ վհուկների որս չի լինելու, բայց հետո կողմ լինել մարդուն ձերբակալելու, ոչ թե առաջադրված մեղադրանքի համար, այլ մի ուրիշ գործի (ինչպես եղավ Օսկանյանի պարագային): Մեկ կարող է հայտարարել, որ 1996թ. ընտրությունները կեղծված են, հետո գնալ կանգնել Տեր-Պետրոսյանի կողքին, որն իր կարծիքով կեղծել էր ընտրությունները: Ոչ միայն կանգնել կողքին, այլ նաև կոչ անել մարդկանց միանալ Տեր-Պետրոսյանի առաջնորդած շարժմանը: Նույնիսկ հանուն Տեր-Պետրոսյանի հաղթանակի բանտ նստել: Ու այս բոլոր հակասությունների ու բարոյականության ոլորտում գտնվող հարցադրումների բացատրությունն ու պատասխանը Նիկոլ Փաշինյանը չի տվել: Չի էլ կարող տալ, որովհետև նրա մտքերը կախված են նրանից, թե որտեղ է հիմա ինքը, և որն է իր համար շահավետ, իսկ դրա մասին բարձրաձայն ու ազնվորեն չի կարող ասել հասարակությանը: Բայց հասարակությունն աստիճանաբար սկսում է ճանաչել Նիկոլ Փաշինյանին, հասկանալ ու գիտակցել, որ նրա «քաղաքական» գործունեության մեջ ոչինչ չկա՝ անձնական ամբիցիաները բավարարելուց բացի»:
‘