‘
Այսօր Սանկտ-Պետերբուրգում մեկնարկում է մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովը: Երեկվանից համաշխարհային առաջնորդները ժամանել են Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք: Ըստ էության՝ G20-ը տնտեսական համաժողով է, սակայն ոչ ոք չի թաքցնում, որ այս հանդիպման հիմնական թեման լինելու է Սիրիան: Դա խոստովանում են թե՛ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, թե՛ հյուրընկալող կողմը՝ ի դեմս Վլադիմիր Պուտինի, թե՛ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը մտադիր է հավաքվածներին համոզել, որ իրավունք ունի գրոհել Բաշար Ասադին:
Մերձավոր Արևելքի ճգնաժամը, ինչպես նաև Սնոուդենի գործը, լուրջ սառնություն են մտցրել Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում ու նույնիսկ ազդել արարողակարգի վրա. պետությունների ղեկավարների տեղերը կսահմանվեն ոչ թե ռուսաց, այլ անգլերենի այբուբենի համաձայն, այնպես որ Պուտինի և Օբամայի միջև հինգ աթոռ կլինի: Նախագահների երկկողմ հանդիպում նախատեսված չէ: Օբաման հայտարարել է, որ մտադիր չէ հանդիպել Պուտինի հետ ընդհանուր քննարկումներից դուրս: Իսկ Ռուսաստանի նախագահը լրագրողներին տեղեկացրել է, որ կուզենար շփվել իր ամերիկացի գործընկերոջ հետ, սակայն ոչ թե որպես քաղաքական գործչի, այլ որպես խաղաղության Նոբելյան մրցանակակրի հետ, փոխանցում է euronews-ը:
‘