‘G20 գագաթնաժողովն ավարտվեց. ընդունվեց ամփոփիչ հռչակագիր’

1448

«Մեծ քսանյակի» երկօրյա գագաթնաժողովի պաշտոնական ծրագիրն ավարտվել է Ստրելնայի Կոնստանտինյան պալատում:

Օրակարգից դուրս՝ նախորդ օրը աշխատանքային ճաշկերույթին գագաթնաժողովի մասնակիցները ընդլայնված կազմով քննարկել են միջազգային իրադրության ամենասուր հարցը՝ իրավիճակը Սիրիայում:

Գագաթնաժողովի արդյունքում «քսանյակի» առաջնորդներն ընդունել են Սանկտպետերբուրգյան հռչակագիր: 35 էջանոց այդ փաստաթուղթը ներառում է 20 բաժին՝ նախաբանով և եզրակացությամբ: Փաստաթղթի տեքստն ընդգրկում է համաշխարահային տնտեսության կայուն և հավսարակշռված զարգացման, աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ֆինանսավորման վերաբերյալ հարցեր: Բացի այդ՝ առանձին գլուխներ նվիրված են այնպիսի հարցերի, ինչպես բազմակողմանի առևտրի կատարելագործումը, հարկման խնդիրների լուծումը, այդ թվում՝ հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարը և այլն: Ամենածավալուն գլուխներից մեկը նվիրված է ֆինանսական կարգավորման խնդիրներին: Այն ներառում է այնպիսի հարցեր, ինչպես կայուն ֆինանսական ինստիտուտների ստեղծումը, առանց ընդհատումների գործող ֆինանսական շուկաները, պայքարը ստվերային բանկային համակարգի և փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ: Փաստաթղթում խոսվում է նաև կլիմայի փոփոխությունների և կոռուպցիայի դեմ պայքարի մասին:

G-20-ի առաջնորդները նաև պայմանավորվել են համատեղ նպաստել տնտեսական աճին և ստեղծել լավորակ աշխատատեղեր:

«Քսանյակը» շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին 2013 թ. իր նախագահության համար և որոշել, որ հաջորդ գագաթնաժողովը 2014 թ. կանցկացվի ավստրալական Բրիսբեն քաղաքում: 2015 թ. գագաթնաժողովը կհյուրընկալի Թուրքիան, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԹԻՀԿ-ը դատապարտում է ակտիվիստներին ծեծի ենթարկելու փաստը’
Հաջորդ հոդվածը‘Ս.Սարգսյան. Մաքսային միության հետ կապված մինչեւ 50 փաստաթուղթ պետք է տանենք ԱԺ’