‘G7. Ռուսաստանը պետք է բանակցի Կիևի հետ’

651

«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանին կոչ են արել բանակցություններ սկսել Ուկրաինայի նոր իշխանությունների հետ՝ երկրի արևելքում ճգնաժամին վերջ դնելու համար:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել են, որ Մոսկվան պետք է ճանաչի Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պոռոշենկոյին, ում երդմնակալության արարողությունը կայանալու է հունիսի 7-ին:

 «Մեծ յոթնյակի» ղեկավարներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Ուկրաինայի նոր առաջնորդին և նշել են, որ ուկրաինական իշխանությունները «սահմանադրական իրավունքով են օժտված»՝ երկրի արևելքում կարգուկանոն վերահաստատելու համար: Նրանք Ռուսաստանին կոչ են արել դադարեցնել միջամտությունը Ուկրաինայի ներքին գործերին և գործուն քայլեր ձեռնարկել՝ հակամարտությունը լիցքաթափելու ուղղությամբ:

Այնուհետև Դևիդ Քեմերոնը Փարիզի օդանավակայանի միջազգային գոտում հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ և  նրան «հստակ և կոշտ պահանջներ» փոխանցել:

Դրան հաջորդել է Պուտինի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ՝ պաշտոնական ճաշկերույթի ընթացքում: Որևէ հայտարարություն դրանից հետո չի արվել: Ինչպես Փարիզից հաղորդել է BBC-ի թղթակիցը՝ Ֆրանսիայի նախագահն ամեն կերպ ուզում էր չվիրավորել «ԱՄՆ-ի և Ռուսաստանի՝ իրար նկատմամբ ատելությամբ լցված նախագահներին», ուստի համաձայնել է մեկի հետ պաշտոնական ճաշկերույթ անցկացնել, մյուսի հետ՝ պաշտոնական ընթրիք:  

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Վլադիմիր Պուտինը կհանդիպի այսօր Նորմանդիայում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը կարող է հրաժարվել մասնակցել նաև ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանից’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի առաջնությունից 6 оր առաջ’