‘G7-ը Ռուսաստանին նախազգուշացնում է նոր պատժամիջոցների մասին’

836

«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները բրյուսելյան գագաթնաժողովում հայտարարել են, որ պատրաստ են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայում նրա գործողությունների պատճառով: Համատեղ հայտարարության մեջ G7 առաջնորդները դատապարտել են Ռուսաստանին Ուկրաինայի ինքնիշխանության «շարունակական խախտումների» համար:

Սա առաջատար արդյունաբերական երկրների ղեկավարների առաջին հանդիպումն էր այն բանից հետո, երբ նրանք հրաժարվեցին Ռուսաստանի մասնակցությամբ G8 ձևաչափից՝ Մոսկվայի կողմից Ղրիմը անեքսիայի ենթարկելու համար:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նշել է, որ «Մեծ յոթնյակից» ակնկալում է Ուկրաինային ցուցաբերվող վճռական աջակցություն և դիվանագիտական ճանապարհով  հակամարտության լուծման կոչ՝ ուղղված Ռուսաստանին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է, որ Ռուսաստանին նոր պատժամիջոցներ են սպասվում, եթե նա չդադարեցնի ապակայունացնող գործողությունները Ուկրաինայի արևելքում:

Թեպետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա չէ գագաթնաժողովին, սակայն Փարիզում նա դեմ առ դեմ հանդիպումներ կունենա «Մեծ յոթնյակի» առաջնորդներից մի քանիսի հետ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘D խումբ.Ազգային հավաքականների վերլուծություն ‘
Հաջորդ հոդվածը‘Պուտինը պատրաստ է Նորմանդիայում շփվել Պոռոշենկոյի հետ ‘