‘GMP ստանդարտների պատճառով մի շարք դեղագործական ընկերություններ դադարեցրել են գործունեությունը’

1140

2013 թվականի հունվարին ներդրված GMP (Good Manufacturing Practice) ստանդարտների պատճառով Հայաստանի մի շարք դեղագործական ընկերություններ դադարեցրել են գործունեությունը: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հայտարարել է ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վիգեն Թոփուզյանը: Հաղորդում է Արմինֆոն: Նրա ասելով, այս պահի դրությամբ Հայաստանում դեղորայքի արտադրությամբ զբաղվում են 6 խոշոր ընկերություններ, ոչ մեկն առայժմ դեղորայքի արտադրություն թույլատրող լիցենզիա չի ստացել, հետևաբար, նրանք կամ կդադարեցնեն գործունեությունը, կամ կշարունակեն` բայց արդեն ապօրինի: «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության կենտրոնն անհրաժեշտ լիցենզիաներ չի տրամադրում, քանի որ, նրանց կարծիքով, մեր արտադրությունը չի համապատասխանում վերը նշված ստանդարտներին, սակայն մինչ օրս արտադրողներից ոչ մեկը հստակ ստանդարտներ չունի: Դժգոհություններ են լինում ամեն մի մանրուքի առնչությամբ, որոնք չեն ազդում արտադրանքի որակի վրա», — հայտարարել է նա:

Թոփուզյանը նաև նշել է, որ ոչ մի վերահսկողություն չկա դեղորայքի հումքի ստանդարտների նկատմամբ: «Ի տարբերություն  պատրաստի դեղերի` հումքը ոչ մի փորձաքննության չի ենթարկվում, չի ստուգվում, և ոչ մի ստանդարտ գոյություն չունի, ինչն անթույլատրելի է, քանի որ հենց հումքն է դեղերի որակի երաշխիքը», — ընդգծել է նա: Ընդ որում Թոփուզյանն ընդգծել է, որ երկրի համար գերակայուն հռչակված ոլորտի նկատմամբ նման վերաբերմունքը, պարզապես, անընդունելի է:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 1-ից Հայաստանի դեղագործական ընկերությունները պետք է ստանային GMP (Good Manufacturing Practice- պատշաճ արտադրական փորձ) սերտիֆիկատներ, որոնք տրամադրում է Հայաստանի առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության գիտական կենտրոնը: USAID աջակցությամբ Հայաստան են ժամանել եվրոպացի փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են բոլոր ընկերությունների պատրաստությունը GMP ստանդարտների ներդրմանը: 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավոր. Է, եվրոպացիները հեչ էլ ուզեն, թե չէ` իրանց էինք մնացել’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում ընտրությունների արդյունքները հրապարակել են քվեարկության ավարտից առաջ’