‘
Ամերիկյան Google ընկերությունն անպատասխան է թողել ТАСС-ի թղթակցի հարցումը, որը վերաբերում էր Ջուլիան Ասանժի այն հայտարարությանը, թե ընկերությունը, հնարավոր է՝ համագործակցում է ԱՄՆ պետքարտուղարության հետ: Այդ հայտարարությունը տեղ է գտել Wikileaks-ի հիմնադրի՝ «Ինչպես Google-ը գտավ Wikileaks-ին» գրքում , որը լույս կտեսնի դեկտեմբերի 1-ին:
Իսպանական Publico.es թերթի տեղեկատվության համաձայն՝ այդ եզրակացությանն Ասանժը հանգել է 2011 թ. հունիսին Google-ի տնօրեն Էրիկ Շմիդտի և ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջարեդ Քոենի հետ հանդիպումից հետո: Գրքում նա ամենայն մանրամասնությամբ նկարագրում է իրենց խոսակցության բովանդակությունը, ինչն էլ նրան մղել է կասկածներ ունենալ: «Հենց այդ պահին ես գլխի ընկա, որ Էրիկ Շմիդտը, շատ հնարավոր է՝ սոսկ Google-ի էմիսարը չէ: Ինձ այցելեցին մի խումբ մարդիկ, որոնց մեկ երրորդը Google-ի ներկայացուցիչներ էին, երկու երրորդը՝ ԱՄՆ պետքարտուղարության»,- գրքից մեջբերում է արել իսպանական պարբերականը:
Ըստ Ասանժի՝ որոնման հնարավորությունը Միացյալ Նահանգների ՀԴԲ-ին և ԿՀՎ-ին անսահմանափակ թույլտվություն է տալիս ծանոթանալ էլեկտրոնային փոստով իր օգտատերերի գրագրությանը:
Ավելի վաղ Google-ի ղեկավար Էրիկ Շմիդտը կանադական CBC ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, թե «այն ամենը, ինչ ասում է Ասանժը, ճիշտ չէ»: Փոխանցում է ТАСС-ը:
‘