Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հնարավոր է, իր գործողությունները հիմնում է այն քաղաքական ռազմավարության վրա, որը հայտնի է որպես «խելագարի տեսություն», Guardian-ում գրում է Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Էնդրյու Ուիլսոնը՝ հետխորհրդային երկրների հարցով բրիտանացի ամենահեղինակավոր փորձագետներից մեկը։
Ամենից հաճախ այդ մարտավարությունը կապում են ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հետ, որը 1960-ական թթ․ վերջին, Հյուսիսային Վիետնամին և ԽՍՀՄ-ին դիմակայության ընթացքում, ուզում էր, որ իրեն համարեն ամենաանտրամաբանական ու վտանգավոր արարքների, ընդհուպ՝ մինչև միջուկային զենք կիրառելու ընդունակ մարդ։ Այսինքն՝ հակառակորդները պիտի վախենային նրանից և զիջումների գնային։
Ուլսոնը թվարկում է Լուկաշենկոյի ու նրա պաշտոնյաների գործողությունների հետ կապված սկանդալների երկար ցուցակը․ վերջին շաբաթ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ընթացքում բելառուսցի մարզուհին հարկադրված էր տարագրվել Լեհաստան, Կիևում կասկածելի հանգամանքներում մեռած են գտել ընդդիմադիր ակտիվիստ Վիտալի Շիշովին, եվրոպացի դիվանագետները ստիպված են հապշտապ պատասխաններ գտնել ապօրինի միգրանտներին ԵՄ տարածք տեղափոխելու կազմակերպմանը Մինսկի կողմից։ Դրանից առաջ Բելառուսի իշխանությունները հարկադիր վայրէջքի էին տարել Ryanair-ի ինքնաթիռը՝ ընդդիմադիր ակտիվիստին ձերբակալելու համար, փակել էին Ուկրաինայի հետ սահմանը և շարունակում են հետապնդել քաղաքական ընդդիմախոսներին երկրի ներսում։
«Գուցե Լուկաշենկոն չի կարդացել Նիքսոնի բազմաթիվ կենսագրությունները, բայց նա, հավանաբար, գործնականում ընկալում է նրա «խելագարի տեսությունը», որի համաձայն՝ անկանխատեսելիությունը և խելացնոր վարքագիծը առավելություն են տալիս՝ փակուղի մտցնելով ընդդիմախոսներին ու նույնիսկ դաշնակիցներին,- գրում է Ուիլսոնը։- Տվյալ դեպքում եվրոպական այն պետությունները, որոնք Բելառուսի հանդեպ ավելի մեղմ են տրամադրված, կկասկածեն, թե այդ երկրի դեմ սահմանված պատժամիջոցներն արժեք ունեն այդ բոլոր խնդիրների համեմատ»։
Փոխանցում է BBC-ն։
