Guardian․ Հռոմի պապը սխալմամբ մեջբերում է արել Պուտինից

465

Իսպանական COPE ռադիոյին տված ընդարձակ հարցազրույցում Հռոմի Ֆրանցիսկոս պապին հարցրել են, թե ինչ է նա մտածում Աֆղանստանից ամերիկացիների հեռանալու մասին։

 Պապը պատասխանել է, որ իր վրա ազդել է Անգելա Մերկելի խոսքը, որին ինքը համարում է համաշխարհային քաղաքականության մեծագույն անհատներից մեկը։

Պոնտիֆիկոսը փորձել է թարգմանել իսպաներեն այդ խոսքը․ «Անհրաժեշտ է վերջ դնել դրսից միջամտելու  և այլ երկրներում դեմոկրատիա կառուցելու անպատասխանատու պրակտիկային՝ արհամարհելով այդ երկրների ժողովուրդների ավանդույթները»։

Թեև այդ միտքը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, ինչպես գրում է Guardian-ը, սակայն պապը նշել է, որ դրա մեջ իմաստնություն կա։

Մինչդեռ այդ միտքն արտահայտել է ոչ թե Մերկելը, այլ Պուտինը՝ Գերմանիայի կանցլերի այցի ժամանակ, երբ Արևմուտքին մեղադրել է Աֆղանստանում սեփական չափանիշներով դեմոկրատիա կառուցելու փորձի մեջ։

Պուտինի հետ մամուլի ասուլիսում Մերկելը խոստովանել է, որ աֆղանացիների համար այնպիսի պայմաններ ստեղծելու փորձը՝ որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն ընտրել իրենց ապագան, ձախողվել է։ «Մենք չէինք ուզում որևէ համակարգ պարտադրել Աֆղանստանին,- ընդգծել է Մերկելը։- Բայց մենք տեսնում էինք, որ միլիոնավոր աղջիկներ երջանիկ էին, որ կարող են դպրոց հաճախել, և կանայք կարող էին անմասն չմնալ։ Իսկ հիմա Աֆղանստանում շատ մարդիկ չափազանց վհատված են այն ամենի պատճառով, ինչ այնտեղ կատարվում է»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲանակցություններ թալիբների հետ, Փանջշերում մարտերը շարունակվում են
Հաջորդ հոդվածըԲայդեն-Զելենսկի հանդիպումը նախատեսվածից կրկնակի ավելի է տևել